Alternative

Բյուջե 2013.Հնարավորության եւ իրականության խաչմերուկ

Բյուջեն արտացոլո՞ւմ է երկրի տնտեսության իրական հնարավորությունները, թե՞ ոչ: Ի՞նչ դրական ու կարեւոր առանձնահատկություններով է այն համադրելի նախորդ տարիների բյուջեների հետ եւ որպիսի նախադրյալների կրող է՝ հաջորդների համար: Յուրատեսակ «կլոր սեղանի» մասնակիցների՝ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի եւ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հետ զրույցը հետամուտ է բացահայտելու այս եւ մի շարք այլ հիմնախնդիրներ եւ դրանց լուծման նպատակադրումներ:

Կարծիքներ,

գնահատականներ

Գագիկ Մակարյան. Ես կարեւոր ու դրական եմ համարում, ինչպես ակնհայտորեն երեւում է բյուջեի հոդվածներից, որ կառավարությունը «դեմքով շրջվել» է դեպի մասնավորը՝ համագործակցելու առումով: Արտացոլված են կառավարության կանխագծած ռազմավարությունները, կատարվել է որակի կառավարման համակարգերի ստեղծման համար նախատեսված էժան վարկերի տրամադրման իրոք որ համարձակ քայլ: Այդուհանդերձ, իմ կարծիքով՝ բյուջեն կազմելիս կառավարությունը կաշկանդված է եղել հնարավորությունների տեսանկյունից: Մի կողմից արտացոլված են նախորդ տարիների գործունեության արդյունքում ձեւավորված առաջարկները, որոնք պետք է իրացվեն (մասնավորապես արտահանման խթանումը արդյունաբերության ոլորտում), մյուս կողմից՝ իրականությունը, որտեղ ձեռնարկությունների տեխնոլոգիական արդիականացման եւ համապատասխան մրցունակ կադրերի պատրաստման գործընթացները չափազանց դանդաղ են, հարկերի հավաքման ոլորտում առկա են լրջագույն դժվարություններ, կառավարման համակարգի տարբեր օղակների միջեւ բավարար չէ «արդյունավետ համերաշխությունը»: Չեմ կարող չնշել այլ մարտահրավերների մասին եւս: Օրինակ. Արեւելյան գործընկերությունը ենթադրում է նաեւ հաշվի նստել աշխատուժի ազատ տեղաշարժման, մեր պարագայում՝ մրցունակ աշխատուժի արտահոսքի հետ, որը տնտեսության ոլորտում նշանակում է ակնբախ փոփոխություններ, հնարավոր է՝ աշխատուժի դեֆիցիտ, եւ գալիք տարվա բյուջեն, ըստ իս, հստակ չի արտացոլել այս խնդիրը:

Գագիկ Մինասյան. Ես այն համոզումն ունեմ, ինչպես եւ շատերը, որ բյուջեում ընդգրկված առաջարկությունները պետք է համադրելի լինեն ընդհանրական տնտեսաքաղաքական իրողությունների հետ: Տնտեսական միջավայրի առումով աշխարհը գլոբալիզացված է: Ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումը դարձել է առավել քան դժվարին, հեռանկարները՝ դեռեւս անորոշ: Նույնիսկ զարգացած երկրների պարտքերի մակարդակները չափազանց բարձր են: Համաշխարհային տնտեսական աճը 3,3 տոկոսի սահմաններում է, ԱՊՀ երկրներում՝ 4 տոկոս, եվրոպական երկրներում 0,2 տոկոսից բարձր աճը համարում են բավարար, ակնկալելով, որ նորմալ աճը դեռ «կվերադառնա»: Մեր կանխատեսումները, որոնցում հաշվի են առնված այս իրողությունները, բավական խոստումնալից են: Ակնկալում ենք 7 տոկոսի շրջանակում տնտեսական աճ, իսկ եկող տարվա պետական բյուջեով՝ 6,2 տոկոս: Այդ աճի հիմնական շարժիչ ուժը լինելու են արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը, շինարարությունը առաջին անգամ «դուրս կգա» բացասական «ֆոնից», արտահանման աճի տեմպերը զգալիորեն՝ մոտ 3 անգամ, կգերազանցեն ներմուծման տեմպերին:

Գագիկ Մակարյան. Կցանկանայի, որպեսզի 2013-ի բյուջեն ավելի համարձակ գործողությունների մղեր: Մինչդեռ, օրինակ. նվազագույն աշխատավարձը ոչ ավելի, քան 2500 դրամով բարձրացնելու քայլը նշանակում է, որ կառավարությունը պետական համակարգում նվազագույն աշխատավարձի ապահովման համար տարեկան լրացուցիչ տրամադրել է նույնիսկ մեկ միլիոն դոլարի չհասնող գումար (իմ հաշվարկներով՝ մոտ 720-750 հազար դոլարի կարգի գումար): Սա կաշկանդված վերաբերմունք է, մանավանդ որ համապատասխան հարկերն էլ իրենց հերթին, ինչպես ասում են, «մի գրպանից մյուսն են մտնում»: Մինչդեռ կարելի էր այս դեպքում տարանջատել նվազագույն աշխատավարձի գաղափարը, ինչպես այլ երկրների փորձն է փաստում, պետական հատվածի համար: Կաշկանդվածության ուղղակի պատճառ է նաեւ տնտեսությունում առկա ստվերը. որն ըստ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականի՝ կազմում է երկրի ՀՆԱ-ի 35 տոկոսը: Սա նշանակում է մոտ 4 միլիարդ դոլարի կարգի գումար, ինչն էլ, ըստ բյուջե ՀՆԱ հարաբերակցության, «հուշում» է, որ կարող էինք ունենալ մոտավորապես մեկ միլիարդ դոլարով ավելի բյուջե, ինչը, ցավոք, չունենք, եւ իմ ենթադրությամբ հաջորդ տարի կոռուպցիայի դեմ պայքարում մենք շատ լուրջ առաջընթաց դարձյալ չենք արձանագրի:

Թաթուլ Մանասերյան. Ես կխուսափեի «կաշկանդված բյուջե» ձեւակերպումից, թեեւ վստահ եմ, որ 2013-ի բյուջեն չի ներառում բոլոր այն հնարավորությունները, տնտեսական ներուժը եւ ռեսուրսները, որոնցից պետք է «սնվի»: Դառնալով շատերի կարծիքով նվազագույն աշխատավարձի նվազագույն չափով բարձրացման իրողությանը՝ պետք է ասեմ, որ, ցավոք, համապատասխան անհրաժեշտությունը եւ օրենքը, ըստ որի կենսապահովման զամբյուղի հաշվարկը պետք է դրվի նվազագույն աշխատավարձի հիմքում, չի գործում: Իսկ հետեւանքները արտացոլված են ԱՎԾ ներկայացման մեջ. աշխատավարձի ցածր, անբավարար լինելու պատճառով աշխատողների մեկ երրորդը գտնվում է աղքատության շեմից ցածր: Ստվերի կրճատման հրամայականը առաջադրում է ապրանքների փաստացի-իրական փաստաթղթաշրջանառության իրականացում, որը հիմնաքարն է ստվերային տնտեսության կտրուկ սահմանափակման: Այստեղ հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, նաեւ քաղաքական լոզունգներ պետք չեն, այլ պետք է քաղաքական կամք՝ համաձայն պահանջների ներկայացնելու եւ հաշվառելի դարձնելու համար տնտեսությունը: Իհարկե, կան ոլորտներ, որոնք ըստ ամենայնի չեն ներառված բյուջեում: Ես համոզված եմ, որ գիտության ոլորտը բացարձակապես չի արտացոլում այն ներուժը, որ առկա է: Եվ խոսքը բոլորովին էլ գումարների մասին չէ: Վաղուց հասունացել են ոլորտում արմատական վերակառուցման ու արդյունավետության կազմակերպման հիմնախնդիրները, որոնք հստակ լուծումներ են պահանջում: Պետությունն իր խոսքը պետք է ասի մասնավորապես պետական մարքետինգ իրականացնելու առումով, որպեսզի աշխատող, արարող գիտնականն իր տեղը գտնի, ոչ թե լավագույն դեպքում հավակնի ինչ-ինչ դրամաշնորհների:

Գագիկ Մինասյան. Համաձայնելով գիտության բնագավառում անհետաձգելի անելիքների դիտարկման հետ, միաժամանակ ցանկանում եմ նշել, որ գիտությունը միակ ոլորտն է, որի ֆինանսավորումը կարգավորվում է օրենքով: Ասել է թե՝ նախատեսված ավելացումը մեկ միլիարդի չափով անկասկած է, քանի որ օրենքի պահանջ է: Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձի «չարչրկված» թեմային, ապա պետք է ասեմ, որ այն ոչ մեկին չի կարող բավարարել, եւ գուցե նաեւ այդ պատճառով խորհրդարանական քննարկումների ժամանակ խնդիրը քաղաքականացվեց: Բայց դա արտացոլում է իրական հնարավորությունները: Հայաստանը ճգնաժամային տարվա ընթացքում առանձնացավ նրանով, որ որեւէ սոցիալական ծրագիր չկրճատվեց: Մեծ ներդրումներ կատարվեցին իրական հատվածում՝ արդյունաբերությունում, որը թույլ տվեց ճգնաժամից անմիջապես հետո վերագործարկել ձեռնարկությունները՝ ապահովելով հետճգնաժամային արագ տնտեսական աճ: Սակայն այս բոլորը հնարավոր չէր իրականացնել առանց մեծածավալ վարկերի ներգրավման: Դրանց մարման նպատակով 2013-ին ընթացիկ տարվա նկատմամբ պետական բյուջեից 40 միլիարդ դրամով ավելի մուծում պետք է կատարվի, ինչը էական հանգամանք է հասկանալու-բացատրելու համար, թե ինչպիսի իրողություններ են հաշվի առնվել եկող տարվա բյուջեն կազմելու գործընթացում եւ ինչպիսի որոշակի սահմանափակումներ: Առաջ անցնելով ուզում եմ նշել նաեւ, որ միջնաժամկետ ծախսային ծրագրով եկող եւ մյուս տարվա ընթացքում էապես բարձրացվելու է նվազագույն աշխատավարձը:

Թաթուլ Մանասերյան. Անկեղծ ասած՝ ես ոգեւորված եմ, որ վերջապես պաշտոնապես ընդունվեց արդյունաբերության ռազմավարությունը, որի ուղղությամբ ժամանակին, իհարկե, լուրջ քայլեր արվել էին: Անհրաժեշտ է նաեւ հստակեցնել հիմնավորումները, այն չափորոշիչները, որոնցով ճշտվել են մրցակցային առավելությունները եւ կազմվել է առաջնահերթությունների հայեցակարգը: Վերջապես իրականություն է դարձել այն, ինչի մասին խոսվում էր տարիներ շարունակ. կազմվել է ծրագրային բյուջե, որն սկզբունքորեն բացառում է գործառույթներում կամայական մոտեցումները՝ ի տարբերություն նախորդ բյուջեների, որոնք, մեղմ ասած, ավելի հայեցողական էին եւ կազմվում էին ասես հետեւյալ սկզբունքով. «Տվեք մեզ փողը, եւ մենք կորոշենք՝ ինչ անել»: Առաջ անցնելով ասեմ նաեւ, որ դրանց հեղինակներից ոմանք այսօր դարձել են ընդդիմություն, խոստացել խորհրդարանի աշնանային նստաշրջանին առաջարկել 50 օրինագիծ, որոնք կարծես չեն նկատվում:

Առաջարկներ,

հեռանկարներ

Գագիկ Մակարյան. Ցանկալի է, որ յուրաքանչյուր տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթ դիտարկվի իր նախորդների շղթայի մեջ, եւ ամրակայվեն հաջորդ տարիների ծրագրերի նախադրյալները: 2013-ի բյուջեն թերեւս կարող էր ավելի համարձակ գործողությունների մղել, առավել որոշակի արտացոլել տնտեսության հետագա զարգացման եւ հանրության սոցիալական վիճակի կայունացման ուղղությամբ պետության քաղաքականությունը:

Թաթուլ Մանասերյան. Կարծում եմ՝ առկա է անցանկալի մի ավանդույթի կրկնությունը, երբ բյուջե կազմողները, անկախ նրանց անձերից, ներկայացնում են ավելի քիչ, քան իրականում կարող են անել, որպեսզի ապահովվի կատարումը: Թերեւս կա հնարավորություն՝ նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 56-58 հազար դրամ, ինչը կարող է, նաեւ 2013-ի սպառողական գների ինդեքսի աճը հաշվի առնելով, զրոյական մակարդակի բերել գոնե կենսապահովման զամբյուղի հետ «հակասությունը»: Իսկ ամենահիմնավոր ճանապարհը, աներկբա է, տնտեսության մեջ բավարար մրցակցության իրականացումն է, ինչն ապահովում է աշխատանքի արդյունավետություն, ուրեմն նաեւ բարձր արտադրողականություն եւ բարձր վարձք (Ի դեպ, մրցունակության բարձրացմանը միտված առաջարկներին կառավարությունը արձագանքել է՝ տարբեր սարքավորումների ներմուծման մասով որոշակի դեպքերում ազատելով հարկերից): Պետական համակարգում խնդրի կարգավորումը կարող է կապվել աշխատողների թվի օպտիմալացման հետ: Հրամայական է նաեւ սփյուռքի մասնագիտական, չեմ երկմտում ասել, ահռելի ներուժի ներգրավումը երկրի բազմաոլորտ գործընթացներում: Թե փոքր, թե մեծ դրամաշնորհներն ընդամենը պզտիկ դրամագլուխներ են՝ համեմատած այն միլիարդների հետ, որ Հայաստանը կարող է ստեղծել եւ ունենալ, եթե միայն կարողանա մակրոտնտեսական եւ հեռանկարային զարգացման գործընթացներում ներգրավել սփյուռքի մասնագիտական կարողությունները: Սրանք խնդիրներ են, որոնք այսօր պետք է լուծվեն, հակառակ պարագայում, զարգացած երկրներում ճգնաժամի հաղթահարումից հետո, մենք այլեւս դատապարտված կլինենք մնալ «պոչում»:

Գագիկ Մինասյան. Իրականում բյուջեն արտացոլում է մի շարք կարեւոր մոտեցումներ: Արդեն 4 ուղղությունների հետ կնքված են համաձայնագրեր, որոնք եկող տարվա ընթացքում կտան իրենց պտուղները (կաշեգործություն, գինեգործություն, դեղագործություն, ճշգրիտ մեքենաշինություն), կդառնան իրապես շարժիչ ուժ՝ ապահովելով աշխատատեղեր, տնտեսական աճ, արտահանման ավելի բարձր տեմպեր եւ որպես լոկոմոտիվ իրենց հետեւից տանելով նաեւ մյուս ճյուղերը: Սակայն ես կարեւորում եմ մի հանգամանք եւս: Առհասարակ որեւէ քաղաքական ուժի համար կարող է կործանարար լինել սոսկական, «հանրահաճո» քայլերի գնալը: Դա սովորաբար դաժան արդյունքներ է վերապահում հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար: Տեսեք. Հարավային Եվրոպայի որոշ երկրներ իրենց վրա վերցրել էին սոցիալական ծախսերի բավականին ծանր բեռ, որը եկամուտներով չէր ապահովվում, եւ դրանք այսօր այդ երկրների համար դարձել են անլուծելի խնդիրներ: Մենք իրավունք չունենք գնալու այդ ճանապարհով. չենք կարող խաբել մեր ժողովրդին: Մենք ներկայացնում ենք այն իրողությունները, որոնք կան, անում՝ ամեն հնարավորը, որպեսզի կարգավորվեն ապրելակերպի բարենպաստ միջավայրի ապահովման հիմնահարցերը: Այդ է պատճառը, որ նույն այդ եվրոպական երկրներում այժմ կատարում են սոցիալական կրճատումներ, մինչդեռ մենք փորձում ենք շարժվել խիստ բյուջետային կանոններով եւ կարողանում առանց երկմտելու ներգրավել միջազգային նորմերի շրջանակներում ընդունելի վարկեր՝ որպես վստահելի վարկառու: Եկող տարին բեկումային է լինելու մեր պետության եւ նրա յուրաքանչյուր քաղաքացու համար: Ավելին, համոզված եմ, որ արդյունքներն ակնհայտ են լինելու եւ տեսանելի՝ սոցիալ-տնտեսական բարդ իրողությունների պետական կառավարման արդյունավետության բարձրացման տեսակետից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *