Alternative

Երևակայությունների աներևակայելի թռիչք կամ` դիմավորենք մարտն ըմբռնումով

ՀԱԿ-ի գարնան առաջին հանրահավաքից կարելի է եզրակացնել, թե ինչ «արդյունավետ» խորհրդարանական գործունեության է պատրաստվում` իր իննսունականների վարչակազմի ծրագրային հիմնադրույթներով: Պարզվում է` տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտը լիցենզիաներն են, և դրանց վերացմամբ` ճանապարհ կհարթվի դեպի լուսապայծառ ապագա:

Հ.Բագրատյանի ելույթի մեխը պետական արտոնագրերի և լիցենզիաների դեմ մտքերն էին: Միամիտ մարդիկ, լսելով Բագրատյանին, մտածեցին, թե տաքսու վարորդն ու նման այլ աշխատանքի տեր մարդիկ ամեն օր մեծ գումարներ են մուծում պետբյուջե, և որ արտոնագրերի և լիցենզիաների կիրառումն անիմաստ և կեղեքիչ գործողություններ են:

Նախ, տաքսի ծառայությունների համար պետական արտոնագիր պահանջվում է զարգացող և զարգացած բոլոր երկրներում, իսկ դրա հիմնական պահանջները կապված են ուղևորների անվտանգության և ապահովության հետ: Իսկ մուծում են, հիմնականում, ծառայության սեփականատերերը, ինչպես նաև նրանք, ովքեր նախընտրում են մնալ անհատ տաքսու վարորդներ:

Ինչ վերաբերվում է լիցենզիաների և արտոնագրերի ընդհանուր քանակին, ապա, իհարկե, կարելի է քննարկել, թե դրանցից հատկապես որո՞նց գոյությունն է առավել արդարացված, սակայն նրա խոսքերով` ընդամենը 15 պետական լիցենզիայի դեպքում կարելի է պատկերացնել, թե ինչ քաոսի կարող է հասցնել երկիրը «նեոլիբերալիզմից դեռևս չհրաժարված և ժողովրդին սարեր խոստացող նախկին պաշտոնյան»:

Կարծում ենք` բոլորովին կարիք չկա բնակչությանը հիշեցնել, թե պետության դերը թերագնահատած Բագրատյանի կառավարությունն ինչ վնասներ հասցրեց ժողովրդին ու տնտեսությանը: Իսկ եթե լրացուցիչ ապացույցներ պահանջվեն, ապա խորհուրդ կտանք այցելել աշխարհի ամենաազատական տնտեսություններից մեկի` ԱՄՆ-ի փոքր բիզնեսի ադմինիստրացիայի կայքէջ և ծանոթանալ համերկրային և նահանգային ու քաղաքային մակարդակներով պահանջվող պետական լիցենզիաների այն անվերջանալի շարանին, որով կառավարությունն օրեցօր կարգավորում և վերահսկում է տնտեսությունը: Միջին և խոշոր բիզնեսի համար կան նաև լրացուցիչ պահանջներ: Սովորելը, ինչպես ասում են, երբեք ուշ չէ և ամոթ չէ: Ամոթը ստելն է:

Նորից իշխանության ձգտող Բագրատյանը թվաբանական հաշվարկներով փորձում է «բռնացնել» այն խոստումները, որոնք ներկայիս կառավարությունը տվել է աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Նախ, բարձրացվել է ինչպես օրենքով սահմանվող նվազագույն աշխատավարձը` հասցնելով 32,500 դրամի /հիշեցնենք, որ Բագրատյանի օրոք այդ շեմը ընդամենը 1,000 դրամ էր/, իսկ միջին աշխատավարձը վաղուց հատել է 100.000 դրամի սահմանը: Բազմապատկվել է նաև երկրի համախառն ներքին արդյունքը: Այս ամենը, իհարկե, բավարար չէ, բայց գոնե որոշ չափով բարձրացրել է բնակչության գնողունակությունը, այն անհամեմատ բարձր է իննսունականների մակարդակից:
Բագրատյանը փորձում է չարախնդալ, որ 88.000 դրամը չի հասել 176.000 դրամի` միտումնավոր անտեսելով ֆինանսական ճգնաժամի հասցրած վնասը և ցանկանալով մինչճգնաժամային խոստումը համեմատել ետճգնաժամային հնարավորությունների հետ: Հանրահավաքի ներկաներից մի քանիսը միանգամից արձագանքեցին, թե «բա որ քո տարիների խոստումներիդ ետևից ընկնեինք, հիմա որտե՞ղ նստած կլինեիր…»: Էլ չենք խոսում չխոստացած, բայց երկրին հասցրած հսկայական վնասների մասին: Հիմա էլ խորհուրդ է տալիս:

Հանրահավաքի գնալով հույս ունեինք, որ այս մարդը պարապությունից չձանձրանալու համար գոնե գիր-գրականություն կկարդա ու մարդկանց էլ դրանից խելոք բաներ կասի: Բայց ապշահար ենք լինում, որ իր պաշտոնավարման ժամանակ գոյություն չունեցող ապահովագրական շուկան քայլ առ քայլ կայանում ու կատարելագործվում է` նախանձի խոր արմատներ արձակելով Բագրատյանի մոտ, և նա էլ, ուրիշ խոցելի տեղ չգտնելով, բողոքում է, թե մեր ապահովագրական ընկերությունները վերաապահովագրում են:

Կարծում ենք` տնտեսագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ հատկապես անցումային տնտեսություն ունեցող երկրներում գերհզոր, ինքնաբավ ապահովագրական ընկերություններ չեն կարող լինել: Համաշխարհային փորձը վկայում է, որ ապահովագրական ընկերությունների երեք քառորդից ավելին հանդես է գալիս, ըստ էության, այլ ընկերությունների անունից, որոնք էլ վերաապահովագրողներն են, և որ ցանկացած ապահովագրական ընկերության բաժնետոմսերի մի զգալի մասը պատկանում է, իր հերթին, մի շարք այլ ընկերությունների և ֆիզիկական անձանց։

Այսինքն, պահանջում է մի երևույթ, որը զարգացած երկրներն անգամ կդժվարանան կատարել: Եվ արդյո՞ք դրա կարիքը կա որևէ մեկին զարմացնելու համար: Ապահովագրվողի համար ի՞նչ կարևոր է, թե իր ավտոմեքենային կամ տանը հասցված վնասն ո՞վ է փոխահատուցելու` Lloyd’s-ը, թե «Վանաձորի առաջին ապահովագրականը»:

Մեզ զարմացնելու իր կարողությունը Բագրատյանը չսպառեց նաև Չինաստանի մասին իր երևակայությունների աներևակայելի թռիչքով: Մեջբերում ենք. «Ամբողջ Չինաստանը, բացի որ աշխատում ա, ժողովրդի 40%-ը ռեստորան ունի` փոքրիկ: Բացի էդ ռեստորանը, ուրիշ տեղ էլ աշխատում ա»:

Ա~յ քեզ բան, պարզվում է` Չինաստանում 700-800 մլն ռեստորան կա, իսկ ռեստորանատերերն էլ այնքան հնարամիտ են, որ իրենց փոքր բիզնեսը զարգացնելուց բացի, դեռ ուրիշ տեղ էլ աշխատում են: Այստեղ, կարծում եմ, չեն օգնի ոչ վիճակագրական, ժողովրդագրական ցուցանիշները, որոնք համացանցում մի քանի տեսանկյունից կարելի է ստուգել, ոչ էլ տնտեսագիտական վերլուծություններ կատարելու ունակությունը: Մարդը պարզապես մտավոր, չենք բացառում նաև` հոգեմտավոր մարտահրավերներ է դիմագրավում, և դատելով այս ելույթից, դժվարանում է դրանք հաղթահարել…
Շատ չհուսահատվելու համար մնում է հուսալ, որ նման երևույթները ներդաշնակվում են մարտ ամսվա բնույթի հետ և մարտի հետ էլ կանցնեն նաև իրենց վիճակից դժգոհ մարդկանց նոր մոլորությունների մատնելու` նախկինների փորձերը:

Լևոն Վրթանեսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *