Alternative

Թաթուլ Մանասերյանը Իտալիայում ներկայացրել է համաշխարհային տնտեսությունը ցնցած տնտեսական աղետի պատճառները

Իտալիայի Սալենտոյի համալսարանում այսօր տեղի է ունեցել «Համաշխարհային տնտեսությունն այսօր. գլխավոր միտումներ և զարգացումներ» գրքի շնորհանդեսը: Համալսարանի պրոռեկտոր, Տնտեսագիտության բաժանմունքի ղեկավար պրոֆ. Ալեսսանդրա Կիրկոն բարձր է գնահատել աշխարհի տարբեր համալսարանների ճանաչված գիտնականների կողմից հեղինակած այս ուսումնասիրությունը, որը նախաձեռնել, համակարգել և խմբագրել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆ. Թաթուլ Մանասերյանը:

Իտալիայի գիտական հանրությանը ներկայացվող այս աշխատությունը Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան պրոֆ. Ֆրանչեսկո Գիաչարին առաջարկել է օգտագործել նաև որպես դասագիրք:

Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին «Համաշխարհային տնտեսությունն այսօր. գլխավոր միտումներ և զարգացումներ» աշխատության շնորհանդես տեղի էր ունեցել Բելգիայի Անտվերպենի համալսարանում, ուր այն արդեն օգտագործվում է որպես դասագիրք Միջազգային բիզնեսի և Կառավարման մասնագիտություններով մագիստրատուրային ուսանողների համար:

Նույն օրը Իտալիայի Սալենտոյի համալսարանի փոքր դահլիճում տեղի է ունեցել պրոֆ. Թաթուլ Մանասերյանի հրապարակային դասախոսությունը «Միջազգային նոր տնտեսակարգ. դասեր գլոբալ ճգնաժամից» թեմայով: Բանախոսը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունը ցնցած տնտեսական աղետի պատճառները, շեշտելով, որ այն միաժամանակ կարելի է համարել նեոլիբերալ գաղափարախոսության ճգնաժամ, ինչպես նաև նշել հին մեթոդներով ներկա ճգնաժամից դուրս գալու անհնարինությունը:

Թ. Մանասերյանի համոզմամբ, պետք է որդեգրել համաշխարհային տնտեսության նոր իրողություններին ու միտումներին համահունչ մոտեցումներ և նոր մտածելակերպ, ինչը թույլ կտա ձևավորել միջազգային տնտեսական որակապես նոր հարաբերություններ ներառող նոր տնտեսակարգ: Վերջինս Թ. Մանասերյանի կարծիքով, առավել արդյունավետ կդարձնի համաշխարհային տնտեսության համատեղ կառավարումը և լայն հնարավորություններ կընձեռի ազգային տնտեսություններին` բացահայտելու և իրացնելու իրենց մրցակցային առավելությունները:
Հրապարակային դասախոսությանը հետևել են միջազգային նոր տնտեսակարգին առնչվող կարծիքների փոխանակում և քննարկում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *