Alternative

«ՀԱԿ-ում 2-3 հոգի են մնացել, ես նրանց համարեմ իշխանությանն այլընտրա՞նք»

Արամ Գ. Սարգսյանը կարծում է, որ այսօր Սերժ Սարգսյանին իրականում լուրջ խանգարող չկա

«Մարդիկ անընդհատ հուսախաբ են լինում: Գալիս են՝ հավատալով ընդդիմությանը, ոչ մի արդյունք չեն ստանում, ստիպված նորից իրենց ճամպրուկները հավաքում, մեկնում են երկրից: Այս տեսանկյունից, թվարկված մարդիկ, կարծում եմ, նույն համակարգից ծնված եւ համակարգում եղած մարդիկ են: Այդ համակարգն արդեն իսկ մեզ համար անընդունելի է, դրա համար մեզ համար անհետաքրքիր է, թե նրանցից ով ավելի մեծ շանս ունի: Գործող նախագահը դեռ հնարավորություն ունի օգտվելու իր հնարավոր լծակներից: Սերժ Սարգսյանին իրականում այսօր լուրջ խանգարող չկա, պայքար կոչվածը դա թվացյալ է, թե կա ահռելի մեծ պայքար»,- Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը այսպես պատասխանեց «Առավոտի» հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններին քննարկվող հնարավոր թեկնածուներից՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վարդան Օսկանյան, Սերժ Սարգսյան, ո՞ւմ եք տեսնում որպես հաղթող, լիդեր:


Մենք նաեւ պարոն Սարգսյանից ճշտեցինք՝ ասելով, որ Սերժ Սարգսյանին խանգարող չկա` ՀԱԿ-ին որպես իշխանության այլընտրանք չե՞ք տեսնում, նա պատասխանեց՝  «Բացարձակ: Իսկ ՀԱԿ կա՞, որ ես նրանց որպես այլընտրանք տեսնեմ: Հլը մի 2-3 հոգով հավաքվել են, այդքան են մնացել, ես համարեմ նրանց մի ամբողջ այլընտրա՞նք: ՀԱԿ կա՞: ՀԴԿ-ն անընդունելի է համարել ՀՀՇ-ի գաղափարախոսությունը հենց առաջին օրվանից, մինչեւ այսօր: Բագրատյանը, որ այսօր բլբուլ է կտրել, ներկայացնում է, թե ոնց է պետք անել, իր օրոք, մենակ իր կառավարման օրոք ահռելի մեծ քանակությամբ վարկեր են վերցվել՝ այսպես կոչված ստրուկտուրային փոփոխությունների համար եւ մսխվել են, ուղղակի մսխվել են, խելք չունեին նրանք իրենց նախարարությունների անունները որոշեին, վարչությունների անունները, փող էին վերցնում, իբր դրսից գան ասեն, թե ինչ նախարարություն ստեղծեք, քանի վարչությունով, քանի բաժնով»:

Մենք հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ եք ներկայացնել ապացույցներ, որ Հրանտ Բագրատյանը վարկ է վերցրել պետության համար ու մսխել է այդ գումարները, չի ներդրել: Ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց. «Ապացույցները սրանք են՝ ինչի՞ համար է վերցրել վարկ: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որպեսզի դուք ոչ իմ ասածը, ոչ էլ նրա ասածը նայեք, վերցրեք վարկերի ցանկը, տեսեք ինչ վարկեր են վերցրել իր օրոք, տեսեք անունները»: Մեր դիտարկմանը, որ վարկը վերցրել են՝ կասեն այս-այս բարեփոխումներն ենք արել, ի՞նչ ապացույց կա, որ դրանք մսխվել են, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Արել են, բայց հարց է՝ այդ վարկը ի՞նչ օգուտ է բերել Հայաստանի տնտեսությանը, ինչի՞ համար է վերցրել բարեփոխումների մի վարկ՝ 205 մլն: Եթե համարում եք, որ բարեփոխումների այդ վարկը, տեխնիկական օգնությունը ճիշտ վարկ է, ուրեմն լավ է: Ես համարում եմ, որ եթե վարկ ես վերցնում, պիտի տանես մի որեւէ ձեռնարկություն վերագործարկես, մի որեւէ ձեռնարկություն կառուցես, որ արդյունք լինի, որ երկիրը շնչի, որ տնտեսությունը կարողանա զարգանալ, որ մարդիկ կարողանան երկրից չհեռանալ: Ինքը՝ Հրանտ Բագրատյանը, թող բացատրի, թե ինչո՞ւ էին իր կառավարության ժամանակ հեռանում երկրից, ինչո՞ւ: Այդ ինչի՞ց էր, որ ինքը ամեն ինչ ճիշտ էր անում, բայց ժողովուրդը թողնում-հեռանում էր»:
ՀԴԿ նախագահը չհամաձայնեց մեր դիտարկմանը, որ այսօր Հրանտ Բագրատյանը համարվում է մեր երկրի լավագույն տնտեսագետներից մեկը. «Ո՞վ է համարում, ո՞ր ժողովուրդն է իրեն համարում լավագույն տնտեսագետ: Ես համարում եմ, որ, օրինակ, Թաթուլ Մանասերյանը անհամեմատ ավելի ճիշտ եւ գրագետ տնտեսագետ է, միանշանակ այդպես եմ համարում, որովհետեւ Թաթուլը գիտությունների դոկտոր է, ինչ որ ասում է՝ շատ ճիշտ է ասում, գիտական տեսանկյունից: Իսկ նա արդեն ինչ-որ քանդելու էր՝ քանդել է, հիմա էլ եկել է նոր բաներ է ասում, նա ո՞նց եղավ լավ տնտեսագետ: Տնտեսագետը նա է, որ երկիրը լավ վիճակում է թողնում»:
Ի դեպ, «Առավոտի» կայքում, պատասխանելով Արամ Գասպարիի պնդմանը, թե Բագրատյանի օրոք վարկեր են մսխվել, Հրանտ Բագրատյանը հարցադրում է արել Արամ Սարգսյանին. «Կարող եք ասել, ո՞ր վարկն եմ մսխել եւ ինչպես։ Կոնկրետ։ Ի դեպ, այս տարի ապրիլին էլ գնացել էիք Ազատան գյուղը, հանդիպել 8 գյուղացիների հետ եւ «հայտնաբերել», որ ինչ-որ խողովակներ եմ այդ գյուղից տարել ու վաճառել։ Մայիսի 3-ին ես եղա Ազատանում, ուր 800 գյուղացի դհոլ զուռնայով ու ուտելիքով մեզ դիմավորեց։ Իմ այն հարցին, թե այդ ի՞նչ խողովակներ են, մարդիկ պատասխանեցին՝ ի՞նչ խողովակ, ի՞նչ բան։ Դրան (այսինքն՝ ձեզ) ո՞վ էր բանի տեղ դնում, մարդ չէր գնացել հանդիպմանը։ Ստացվում է, որ դուք պարզապես սովոր եք անպատասխանատու ձեւով ստել»։
Արամ Գասպարիչը վստահեցնում է, որ ՀԱԿ-ը վերջին տարիներին բոլորովին էլ պայքար չի տարել, ինչպես ներկայացնում է. «Համենայնդեպս այս վերջին 4 տարիներին պայքար չի եղել: Մարտի 1-ը թողնենք մի կողմ, դա լրիվ առանձին թեմա է, առանձին պետք է քննարկվի, բայց ընդհանուր առմամբ այս 4,5 տարվա ընթացքում, ես համարում եմ, որ բոլոր հնարավորությունները կային խաղաղ պայմաններում իրական փոփոխություններ կատարելու»: Մեր հարցին՝ այս 4 տարիների ընթացքում ՀԱԿ-ը իշխանության կողմից բազմաթիվ հալածանքների ենթարկվեց, քաղբանտարկյալներ եղան, լուրջ կորուստներ եղան, դա պայքարի արդյունքում չէ՞ր՝ նա պատասխանեց. «95-ին, երբ որ նրանք մեզ էին հալածում, դուք դա չեք տեսել, այդ նույնը բումերանգով եկել է իրենց գլխին: Այդ նույն հալածանքները եղել են: Հարցրեք, թե 95-ին ինչ են արել Դաշնակցության հետ, մեզ հետ»:
Մեր հարցին՝ այսօր ՀԱԿ ակտիվիստներին քաղաքական հայացքների համար անազատության մեջ են պահում, դա նո՞ւյնպես պայքարի արդյունքում չէ՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Տեղ կա, որ իսկապես քաղաքական գործողություններ են, տեղ կա, որ իրենք ուզում են, որ իրենց ձերբակալեն, ես հիմա չեմ ուզում մանրամասնել, դատական գործը պետք է նայել, ընդհանուր առմամբ նույնն է՝ իշխանությունը կռիվ է տալիս, որ այդ իշխանությունից չզրկվի, ոնց որ իրենք էին կռիվ տալիս, որ 96-ին տանկեր դուրս բերեցին մեր դեմ»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *