Alternative

Ճտերին էլ հաշվեցին…

 Ավարտվում է աշնան երկրորդ ամիսը, սակայն ՀՀ Ազգային Ժողովն այդպես էլ չստացավ այն 50 օրինագծերը, որի մասին Հրանտ Բագրատյանը հրապարակավ խոստացել էր:[1]   Նրան ճանաչողները բնականաբար նման հույսեր երբեք չեն էլ ունեցել:  Եվ ընդհանրապես, պետք չէ մեղադրել այդ մարդուն ստախոսության, չարախոսության, հայհոյախոսության, աջ ու ձախ անձնական մեղադրանքներ տեղալու, անհավասարակշիռ վարքագծի և ընդհանրապես Հայաստանի տնտեսությունը հիմնահատակ քայքայելու հարցերում:  Փոխարենը թերևս մեղավոր են նրանք, ովքեր դեռ սին հույսեր են փայփայում նրա տնտեսագիտական կարողությունների և իր շրջապատին կամ երկրին որևէ օգուտ տալու հարցում:  Եվ որպեսզի վերանան վերջին պատրանքները, հեռու գնալ պետք չէ:  Ընդամենը մի փոքր անդրարդարձ կատարել մի քանի օր առաջ ՀՀ Ազգային Ժողովում և սոցիալական ցանցում զետեղված մի քանի “հանճարեղ” մտքերի և եզրակացությունները թողնենք ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ ընդամենն առողջ բանականությամբ օժտված ցանկացած ընթերցողի:
Այս անգամ Բագրատյանի թիրախը դարձել էր Կենտրոնական Բանկն իր դրամավարկային քաղաքականությամբ:  Իհարկե, որևէ մեկը չի կարող կատարյալ համարել մեր երկրի ո’չ տնտեսական, ո’չ էլ դրամավարկային քաղաքականությունները, սակայն դա չի նշանակում, որ պետք է թացն ու չորն իրար խառնել, մարդկանց վիրավորել և փորձել ցույց տալ սեփական “ինտելեկտը”, որը մեր համոզմամբ, գնալով իջնում է զրոյական մակարդակից ցած:  Այսինքն` պետք է իրերն իրենց անունով կոչել:
Սակայն Բագրատյանին այս անգամ էլ լքել է սթափ բանականությունը, քանզի մարդն իրեն նեղություն էլ չի տվել նկատելու, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվել է ոչ թե ՀՀ ԿԲ նախորդ տարվա հաշվետվությունն, այլ այսպես կոչված Գնաճի հաշվետվությունը:
Իսկ եթե փորձենք վերլուծել ՀՀ ԿԲ-ի գործառույթների նրա գնահատականները, ապա պարզ կդառնա, որ մարդը ոչ միայն այսօր, այլև 1996 թ. չի տիրապետել իրավիճակին, երբ իր օրոք այդ գործառույթներն ամրագրվել են ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ-ին տվել որոշակի անկախություն, ինչպես նաև ֆիքսել գների կայունությունը որպես ՀՀ ԿԲ հիմնական նպատակ:
Իսկ ինչ վերաբերվում է որպես մոնետար գործոն գների կայունության դիտարկմանը, ապա նա իմպերատիվ ոճով ժխտում է, որ այն տնտեսագիտական որևէ տեսություն կարող է ընդունել միայն այդպիսին:  Ուզում ենք հորդորել Բագրատյանին բացել ժամանակակից տեսությունների դասագրքերից որևէ մեկը, կարդալ և մտապահել հետևյալը. եթե իր իսկ կողմից հորինած “մեգաէկոնոմիկա” անհեթեթ բառախաղը չի ընկալվում անգամ իր մտերմագույն շրջապատի կողմից, ապա որպես մոնետար գործոն գների կայունության կողմնակիցներից Միլթըն Ֆրիդմենը, Լեոնիդ Գուրվիչը, Էրիկ Մեսկինը, Ռոջեր Մեյերսոնը, Էդվարդ Պրեսկոտը, Ֆին Կիդլանդը, Ջորջ Ստիգլերը և Ռոբերտ Մանդելը դրա համար ոչ միայն ճանաչում, այլև Նոբելյան մրցանակ են ստացել:  Այնպես որ, “մարտնչող տգիտություն” մարմնավորող սույն պատգամավորին խորհուրդ կտայինք երբևէ հանդես չգալ տնտեսագիտությունը գերազանց սերտած և մյուսներին տնտեսագիտական խրատներ տվողի դիրքերից:
Թեև այստեղ կարելի է վերջակետ դնել, սակայն Ֆեյսբուքում անգամ մարդկանց իր մեծախոսություններով և մեծամտությամբ հոգնեցնող Բագրատյանի մասնագիտական սնանկությունն ամբողջական պատկերելու համար հարկ ենք համարում անդրադառնալ ևս մեկ-երկու դրվագի:  Մարդն այն կարծիքին է, որ երբ գնաճն իջնում է, վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս պետք է իջնի:  Այս տարրական պատճառահետևանքային կապը չսերտած պատգամավորին ուզում ենք հիշեցնել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման արդյունքու’մ է գնաճը նվազում և ոչ` հակառակը:  Ավելին, ելնելով տնտեսական իրավիճակից, վերաֆինասավորման տոկոսադրույքը կարող է շարունակել աճել անգամ գնաճի անկման պայմաններում:
Նույն տրամաբանությամբ, ավելի ճիշտ տրամաբանության բացակայության պայմաններում Բագրատյանը ցաք ու ցիր մտքեր է հայտնում կապիտալի համարժեքության և կապիտալ / ակտիվներ ցուցանիշների մասին` մի դեպքում դրանք խառնելով իրար, իսկ մյուս դեպքում խառնելով “քաշային կատեգորիաները” և համեմատելով տնտեսական զարգացման անհամադրելի մակարդակներում հայտնված երկրներին, տվյալ դեպքում` Հայաստանը, Հոլանդիան և այլ երկրներ:  Նույն անհոդաբաշխ տրամաբանությամբ փորձում է վերլուծել վարկեր / ՀՆԱ ցուցանիշը, անխնա քարկոծում ՀՀ ԿԲ-ը` կարգավորիչ և վերահսկիչ գործառույթների համատեղման, մասնագիտական կադրերի մակարդակի և այլ անտեղյակությունից, թե չարամտությունից բխող ոչնչով չհիմնավորվող բառախաղերով:
Եվ վերջում` դարձյալ անձնական վիրավորանքների և պիտակումների մասին:  Բոլորիս հայտնի է ստեղծված իրավիճակում հայկական բանկերի կողմից բարձր տոկոսադրույքների, տնտեսության իրական հատվածի համար նման պայմաններով վարկերի անընդունելիության և այլ բացասական երևույթների մասին:  Սակայն այդ ամենը երբեք թույլ չի տվել որևէ գործարարի կամ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հիմնադրույթների հետ չհամաձայնող քաղաքացու ՀՀ ԿԲ անվանել “թարախապալար” կամ օգտագործել այլ վիրավորական պիտակումներ, ինչպես դա անում է Բագրատյանը:
Մեզ մնում է հարցել ընթերցողին. սա է մեր ակնկալած մակարդակը երկրում իրական բարեփոխումներ հորջորջող քաղաքական ուժից և նրա կարկառուն դեմքերից?
Լևոն Վրթանեսյան

Անկախ վերլուծաբան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *