Alternative

Մեր երկիրը…

Էս երկիրը երկիր է. երկիր` նրանց համար, ովքեր, ուր էլ ստիպված լինեն գնալ, միևնույն է ապրում են էս երկրով և գալու են այն ավելի շենացնելու:  Նրանց համար, ովքեր արյուն են թափել էս երկրի համար, բայց կուրծք չեն ծեծում ու երեսով չեն տալիս երբեք:  Բոլոր նրանց համար, ովքեր իրենց երկրին նայում են տիրոջ աչքերով, զուսպ տանելով ցավն ու դժվարությունը, բայց նաև հավատով ծառայում են նրան, արարում հաղթանակն ու վայելում դրա բերկրանքը:

Սակայն կա նաև իրականության մյուս երեսը, որը վկայում է, որ.

Էս երկիրը երկիրը չէ նրանց համար, ովքեր օրենք չեն սիրում, ուրեմն չեն սիրում նաև օրինապաշտին ու օրինաստեղծին:  Նրանց համար, ովքեր ազգի համար բախտորոշ ազատամարտի օրերին անգամ թալանով էին զբաղված, իսկ հիմա խրատ են տալիս աջ ու ձախ:  Նաև նրանց համար, ովքեր ինչքան էլ հարստանան, ոչ այսօր, ոչ էլ վաղն իրենց Հայաստանում չեն տեսնում և պատրաստ են ամենափոքր վտանգի դեպքում լքել էս երկիրը:  Վերջապես, էս երկիրը երբեք չի լինի “մեր դեմը խաղ չկա” կարգախոսով առաջնորդվողների ու պոռոտախոսների երկիրը: Նրանց, ովքեր սևացնելուց բացի, այլընտրանք չունեն առաջարկելու:

Այս ամենով հանդերձ, վստահ ենք, որ բաժանարար գծեր չպետք է անցկացնել հայի և հայի միջև և չպետք է փակել “անառակ որդու վերադարձի” ճամփան:  Չէ որ ամեն տեղ, ոչ միայն էս երկրում, կան անհեռատեսներ և մոլորյալներ:  Համոզված ենք, որ հզոր է այն երկիրը, որտեղ կա լիարժեք տեր, իսկ տիրոջ մոտ` ներողամտություն և համախմբելու, միաբանելու շնորհ: Ի վերջո, սիրում ենք երկիրը ոչ թե նրա համար, որ այն կատարյալ է, այլ որովհետև… մերն է:

Ուրեմն`մերն են ոչ միայն ձեռքբերումները, այլև կորուստներն ու ձախողումները:  Հենց այս զգացողությամբ պետք է հաղթահարել բոլորիս համար անընդունելի ինքնախարազանումը, օտարամոլությունը, ամենաթողությունը, անտարբերությունն` ուրիշի ցավին:  Հենց այս զգացողությամբ պետք է խոստովանել, որ շատ մարդիկ մեր երկրում ինքնամեկուսացվել են:  Ուստի հենց նրանցից էլ պետք է սկսել` մարդկանց հնարավորինս մասնակից դարձնելով ամենատարբեր որոշումների կայացմանը, ասել է թե`տեր դարձնել երկրին, նաև պատասխանատու` ամեն հաջորդ քայլի համար:  Փոխարենը կշահենք ամենաթանկը` մարդկանց վստահությունը, կշահենք հավատ:  Կշահենք` բոլորս:

Վերջապես, միայն նման մոտեցումը թույլ կտա ասել, որ էս երկիրը մեր բոլորի երկիրն է, ոչ միայն իշխանավորինը, և որ այն աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ու մեր հավաքական աշխատանքով ավելի լավն է լինելու:

One Response to Մեր երկիրը…

  1. You could definitely see your expertise within the work you write. The sector hopes for more passionate writers such as you who are not afraid to say how they believe. At all times follow your heart.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *