Alternative

Տնտեսական մարտահրավերներ

Բագրատ ԱՍԱՏՐՅԱՆ

 Հայաստանյան տնտեսություն` դանդաղ աճ, թե շարունակվող ճգնաժամ

 Թեև 2015թ-ի տարեսկիզբը նշանավորվեց տնտեսական զարգացումների վերաբերյալ նախորդ տարվա վերջին ձևավորված բացասական սպասումների որոշակի չեզոքացմամբ, սակայն  դա հիմնականում պայմանավորված էր արտաքին, մասնավորապես ռուսաստանյան տնտեսական զարգացումների բացասական ազդակների որոշակի մեղմացմամբ: Նշված երևույթը պայմանավորված էր նաև մեր երկրում իրականացված առանձին քայլերով, որոնք զսպեցին պահանջարկի անկման սպասվող դրսևորումները: Սակայն, նշվածով հանդերձ, ակնհայտ է, որ ընթացիկ տարին լինելու է Հայաստանի տնտեսության համար բավականին ծանր: Իրավիճակի զարգացման նման գնահատականներ ի վերջո տվեցին նաև միջազգային ֆինանսական հաստատություններն ու վարկանիշային գործակալությունները, որոնք, իրենց հատուկ ոճով, առանց խորանալու խնդրի մեջ, կանխատեսեցին բացասական զարգացումների հնարավորութւյունները Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների ներքո` շեշտը դնելով Ռուսաստանում տնտեսական իրավիճակի հնարավոր զարգացումների վրա և միայն հպանցիկ, չխորանալով Հայաստանում տնտեսական իրավիճակին վերաբերող խնդիրների մեջ: Մասնավորապես  ԱՄՀ-ը իր Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների զարգացման հեռանկարներ 2015թ. ապրիլյան հրապարակման մեջ արդեն արձանագրեց Հայաստանի տնտեսական անկման հեռանկարը մինչ տարեկան մեկ տոկոս, մինչդեռ նախորդ բոլոր հրապարակումներում նշվում էր հնարավոր դրական զարգացման հնարավորությունը: Մոտեցումը նոր չէ. բավական է վերհիշել 2008-2009թթ. զարգացումները և միջազգային ֆինանսական հաստատությունների գնահատականները, երբ նույն այդ կազմակերպությունները հետևում էին իրադարձությունների զարգացմանը և իրավիճակի վատթարացմանը զուգահեռ պարբերաբար փոփոխում Հայաստանի հնարավոր զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները առանց տնտեսությունում առկա հիմնախնդիրներին խորանալու:

Ներկայումս, անգամ ՀՀ իշխանությունները, առայժմ առավելապես լռությամբ, չեն ժխտում նման բացասական զարգացումների հնարավորությունը: Այսօր հրապարակում կարելի է հանդիպել միայն առանձին, մեծամասամբ քաղաքականացված հայտարարությունների կամ բավականին մեղմ գնահատականների սպասվող զարգացումների վերաբերյալ: Մինչդեռ իրավիճակը բավականին ծանր է, ինչի մասին վկայում են նախորդ` 2014թ-ի ու մասնավորապես տարեվերջի բավականին բարդ զարգացումները, որը լուրջ վերլուծությունների ու գնահատումների կարիք ունի: Առկա իրավիճակը ճիշտ գնահատելու, հնարավոր զարգացումները կանխատեսելու և բացասական միտումները կանխարգելելու առումով տեղին կլինի նաև զուգահեռներ անցկացնել 2009թ-ի, դրան նախորդած զարգացումների ու արդյունքների և այսօրվա իրավիճակի միջև, ինչը թույլ կտա առավել ամբողջական պատկերացում կազմել առաջիկա զարգացումների վերաբերյալ, ինչու չէ նաև իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցների վերաբերյալ: Հարկ է արձանագրել, որ ճգնաժամի հիմնական դասն այն էր, որ Հայաստանի տնտեսությունը հիվանդ է, խիստ խոցելի է և անկարող է դիմակայել արտաքին ցնցումներին: Թերևս սա էր պատճառը, որ տնտեսական անկումը Հայաստանում բավականին խորն էր, ընդ որում այդ անկումը չկանխեցին անգամ արտաքին ծավալուն փոխառությունները (փաստորոն 2009թ. ընթացքում ՀՀ արտաքին պարտքը կրկնապատկվեց):

2009թ-ի տնտեսական ճգնաժամից ի վեր Հայաստանյան տնտեսության զարգացումները բնութագրվեցին որոշակի առանձնահատկություններով: Դրական զարգացումներին թվում թերևս կարելի է առանձնացնել`

•           արտահանման առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ (2008-2014թթ. ընթացքում ներմուծման ծավալների ըստ էության անփոփոխ մնալու պարագայում արտահանման ծավալները աճել են 1.5 անգամ),

•           արդյունաբերության աճի տեմպերի գերազանցումը ՀՆԱ-ի աճի տեմպերի նկատմամբ (անվանական ՀՆԱ նույն ժամանակահատվածում աճել է մոտ 26%-ով, մինչդեռ արդյունաբերական արտադրանքի ծավալը` 75%-ով),ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշռի աճը,

•           տնտեսության որոշակի դիվերսիֆիկացիան,

•           ֆինանսական միջնորդության մակարդակի աճ, ՀՀ բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության աճ 2007թ. 24.3%-ից մինչ 68%2014թ.:

Սակայն դրան զուգահեռ առաջ եկան նոր խնդիրներ, որոնք ավելի մեծացրեցին լարվածությունն ու հանգեցրին մի շարք խիստ բացասական երևույթների: Դրանց թվում կարելի է նշել`

•           տնտեսական աճի տեմպերի անկումը ետճգնաժամային որոշ աշխուժացումից հետո և շարունակական նվազումը,

•           դոլարային արտահայտությամբ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալների անկումը,

•           օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի շարունակական նվազումը,

•           ՀՆԱ-ի կառուցվածքում կուտակման բաժնի զգալի կրճատումը (որոնց ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա կդրսևորվի առաջիկա միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում),

•           բանկային համակարգի գործունեության հիմնական ցուցանիշների աճի տեմպի նվազումը, տնտեսության վարկավորման ծավալների նվազումը,

•           զբաղվածության ապահովման առումով կարևոր ոլորտի` շինարարության շարունակական անկումը,

•           գործազրկության ծավալների աճը և այլ բացասական միտումներ, որոնց հետևանքով շեշտակիորեն աճեց արտագաղթը, վերջին տարիներին մոտենալով բնակչության ընդհանուր թվի 2%-ի խիստ վտանգավոր սահմանագծին:

Տնտեսական գործընթացների վրա քաղաքական գծի փոփոխության ազդեցության բավականին լավ օրինակ են 2014թ. հայաստանյան տնտեսական զարգացումները: Բանն այն է, որ տնտեսության 2009-2014թթ. արձանագրված վերոհիշյալ բացասական միտումներն 2014թ-ին ավելի խորացան, ինչը, սակայն, ուղեկցվեց նույն ժամանակահատվածում արձանագրված որոշ դրական զարգացումների կորստով: Այսպես 2014թ. արդյունաբերության աճի տեմպերը ետճգնաժամային ժամանակահատվածում թերևս առաջին անգամ զիջեցին ՀՆԱ-ի աճի ընդհանուր տեմպերին, էապես նվազեցին արտահանման աճի տեմպերը, անկայունություն դրսևորվեց արժութային շուկայում: Հայաստանյան տնտեսության զարգացումների վրա, բնականաբար, 2014թ-ի որոշիչ ազդեցությունների շարքը որակապես փոփոխվեց 2013թ-ին դեպի ՄՄ կտրուկ շրջադարձից և առավել ևս 2014թ-ի սկզբի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումից, ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատթարացումից, դրան հետևած պատժամիջոցների կիրառումից և Ռուսաստանի տնտեսական զարգացման համար որոշիչ գործոնի` նավթի միջազգային գների նախորդ տարվա երկրորդ կեսից կտրուկ անկումից հետո: Քաղաքական շրջադարձի ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա բացահայտելու առումով տեղին է զուգահեռներ անցկացնել ՀՀ և մեր հարևան Վրաստանի Հանրապետության զարգացումների միջև: Հայաստանում 2014թ. դրսևորված տնտեսական աճի տեմպերի անկման, գնաճի մակարդակի բարձրացման պայմաններում Վրաստանում արձանագրվեցին կայուն ցածր գնաճ և նախորդ տարվա համեմատ տնտեսական աճի տեմպերի ավելացում 3.3-ից 4.7%, ինչը ներդրումների հոսքի բարձր մակարդակի պայմաններում առաջիկայում ևս կշարունակվի: Տեղին է ընդգծել, որ այս երևույթը` կայուն և ավելացող տնտեսական աճը բնորոշ է Եվրոինտեգրման ուղղությունը պահպանող բոլոր երկրներին, մինչդեռ Եվրասիական ինտեգրման գործընթացում գտնվող երկրները բնութագրվեցին տնտեսական աճի տեմպերի նվազմամբ կամ անգամ տնտեսական անկմամբ: Ընդ որում նշված բացասական զարգացումները ի թիվս այլոց նաև Հայաստանում ուրույն տնտեսական համակարգի երկարաժամկետ հատվածում ձևավորված ընդհանուր բնութագրերի արդյունք և հետևանք էին: Դրանց թվում առանցքայինը իշխանության և բիզնեսի սերտաճումն է, որը ներկայումս հասել է բացարձակ աստիճանիª Հայաստանի քաղաքական համակարգի առանցքը կազմում են գործարարները, քաղաքական պաշտոններին նշանակումների հիմքում ևս դրվում են գործարարական  հմտությունները, ապաքաղաքականացվում են քաղաքական մարմինները, որի արդյունքում վերանում է քաղաքական մրցակցության հնարավորությունն անգամ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Այս երևույթն ուղղակի ազդում է հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտների վրա, այն նպաստում է նաև տնտեսության մենաշնորհմացման մակարդակի աճին և կոռումպացվածության խորացմանը: Պատահական չէ, որ ըստ համաշխարհային բանկի փորձագետների գնահատականի համաձայն Հայաստանի տնտեսությունը համարվում ետխորհրդային և արևելյան երկրների թվում առավել մենաշնորհվածը:

Վերահիշյալ քաղաքական զարգացումները բնականաբար իրենց ազդեցությունը թողնում են և առաջիկայում ևս թողնելու են համակարգային խնդիրների և արդյունքում նաև տնտեսական զարգացումների վրա: Ակնհայտ է, որ բացարձակ մենաշնորհային դարձած տնտեսական համակարգի լուրջ սպառնալիք էր Եվրոինտեգրման գործընթացը, միչդեռ եվրասիական ուղղությունը ենթադրում է համակարգային խնդիրների լուծման այլ մոտեցումներ, որտեղ էապես կավելանա պետության տնտեսական դերակատարությունը, որոշ նահանջ պետք է լինի տնտեսավարման ազատական սկզբունքներից: Ի դեպ այդ միտումների որոշ բացասական դրսևորումներն արդեն նկատելի դարձան 2014թ-ին, երբ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի որոշակի վատթարացումը անմիջապես ազդեց Հայաստանի վրա:

Ընդհանրապես, 2014թ-ի հայաստանյան տնտեսական զարգացումները առավել խոր վերլուծության կարիք ունեն, քանզի տնտեսության զարգացման բացասական միտումները արդեն իսկ որոշակիորեն, բնականաբար ոչ ամբողջությամբ դրսևորվեցին տարեվերջին: Նախևառաջ 2014թ-ը որոշակի պարզություն մտցրեց հայ քաղաքական ու հասարակական շրջանակներում լայն տարածում ստացած այն մոտեցումներին, որ Մաքսային Միությանն անդամակցելը, միասնական տնտեսական տարածք մուտք գործելը ինքնին դրական լիցք կհաղորդեն տնտեսական զարգացումներին, կաշխուժացնեն արտաքին առևտուրը, արտահանումը, ըստ այդմ կպայմանավորեն վերամշակող արդյունաբերության աճը, կապահովեն մասնավոր ներդրումների ներհոսքի աշխուժացումը և այլն: Թեև անդամակցության գործընթացը դեռ նոր էր սկսվել, սակայն տարվա ընթացքում նկատելի էր տնտեսական հարաբերությունների կորի շեղումը Եվրոպականից դեպի Եվրասիական կամ ավելի հստակ` դեպի ռուսական: Նախ, 2014թ. նախորդ` 2013թ-ի համեմատ արտաքին ապրանքաշրջանառության ծավալում ԵՄ բաժինը նվազեց 28.2-ից 26.6%, իսկ Ռուսաստանի բաժինը աճեց 23.2-ից 23.7%, ընդ որում որոշիչը Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալի էական աճն էր` 106.7%, այն դեպքում, երբ մեր երկրից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են 7,7%: Ընդ որում, սա դրսևորվեց այն պայմաններում, երբ որևէ նոր համաձայնագիր կամ առևտրային ռեժիմի փոփոխություն տեղի չէր ունեցել. միակ հիմնարար գործոնը Ռուսաստանում առկա տնտեսական իրավիճակն էր և ազգային արժույթի` ռուբլու էական, շուրջ կրկնապատիկ արժեզրկումը: Առնվազն կարելի է արձանագրել, որ Հայաստանը պատրաստ չէր այդ զարգացումներին:

Ընդհանուր առմամբ 2014 տնտեսական տարին բնութագրվեց տնտեսական ոչ տպավորիչ աճով, բավականին մեղմ գնաճով, թեև տարեվերջին արժութային շուկայում դրսևորվեց ազգային արժույթի էական տատանումներ(տարվա վերջին եռամսյակում դրամը արժեզրկվեց 15%), որի ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա տեսանելի կլինեն առաջիկայում: Սակայն մեղմ, ըստ նախնական տվյալների 4%–ից ավելի ցածր տնտեսական աճը, ինքնին արդյունավետ չի կարելի համարել, քանզի դրա ֆիսկալ, առավել ևս սոցիալական արդյունավետությունը խիստ ցածր է: Բանն այն է, որ Հայաստանում առկա սոցիալական բևեռացման խիստ բարձր մակարդակը, եկամուտների բաշխման համակարգը աճի նման տեմպերի պարագայում հնարավորություն չեն տալիս ապահովել տնտեսական աճի սոցիալական արդյունավետությունը, բնակչության լայն հատվածները չեն օգտվում աճի հետևանքներից, չի նվազում աղքատության մակարդակը, չի կրճատվում գործազրկությունը և շարունակվում է արտագաղթը, կամ, ինչպես վերը նշվեց, այն անգամ աճում է: Կա նաև խնդրի այլ կողմ. ինչո±վ է պայմանավորված տնտեսական աճը, տնտեսության ո±ր ճյուղերում է այն դրսևորվել և ո±ր գործոններն են պայմանավորել այն, արդյո±ք ապահովված է տնտեսական աճի շարունակականությունը և այլն: Այս իմաստով 2014թ. դժվար կլինի դասել հաջողված տնտեսական տարիների շարքին: Վերոհիշյալ աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 7,2 և ծառայությունների ծավալի 7,8% աճով, միչդեռ շինարարության ոլորտում դրսևորվել է անկում, արդյունաբերության աճը կազմել է միայն 2,7%, էլեկտրոէներգիայի արտադրության ծավալների աճը` 0,5%, իսկ մանրածախ առևտրի ու արտաքին առևտրի ծավալների աճը կազմել են համապատասխանաբար 1,6 և ավելի պակաս, քան 1,0%: Փաստորեն ՀՀ տնտեսության աճի հիմնական շարժիչներն են գյուղատնտեսությունը, որի նկատմամբ աճ կամ զարգացում բառն անգամ դժվար կիրառելի է, և ծառայությունների ոլորտը, որի ծավալները առևտրի հետ միասին արդեն մոտեցել են բարեկեցիկ հասարակությունների առավելագույնի սահմնագծին` նյութական արտադրության երեք ոլորտների` արդյունաբերության, գյուղատնտեսության ու շինարարության ծավալներին: Արդյունքում, տարին ամփոփվեց զբաղվածության համեմատական կրճատումով և շարունակական ծավալվող արտագաղթով (2014թ. ըստ պաշտոնական տվյալների ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բացասական մնացորդը կազմեց 47,1 հազ. նախորդ տարվա 42,0 հազ. համեմատ աճելով ավելի քան 12 տոկոսով), տնտեսական աճի տեմպերի էական անկումը, տնտեսության առանձին հատվածներում այլ բացասական զարգացումները, բայց նաև ակնհայտ է, որ սա դեռևս առաջին ազդակներն են: Լայն իմաստով արտաքին գործոնների, մասնավորապես Ռուսաստանում ձևավորված իրավիճակի իրական ու ամբողջական ազդեցությունը հայաստանյան տնտեսական զարգացումների վրա առավել տեսանելի կլինեն 2015թ-ին և դրան հաջորդող տարիներին:2014թ. տնտեսական զարգացումների առանձնահատուկ դրսևորումներից էին ֆինանսական և մասնավորապես բանկային համակարգում տեղի ունեցող գործընթացները: Վերջին տասնամյակում նկատվող կայուն զարգացման միտումը, որ հատուկ էր Հայաստանյան բանկային համակարգին, տարեվերջին փոխարինվեց որոշակի գործընթացներով, որոնք կասկածի տակ դրեցին ՀՀ բանկային համակարգի կայունությունն ու հուսալիությունը: Նշված իրավիճակը իհարկե մեկ օրում չի ձևավորվել: ՀՀ բանկային համակարգի զարգացման հիմնական բնութագիրը, թերզարգացած ֆինանսական շուկայի պարագայում, մեկուսի զարգացումն էր, որտեղ երկար տարիների ընթացքում գերիշխողը բանկային ավանդական գործիքների` ավանդների ու վարկերի ծավալների բավականին բարձր տեմպերով աճն էր: Սա էլ, իրհերթին, պայմանավորված էր, մի կողմից, դեպի Հայաստան ակտիվ և տարեց-տարի աշխուժացող ֆինանսական հոսքով, մյուս կողմից` ներդրումների այլընտրանքի բացակայությամբ, որի պարագայում բնակչության համար առավել ընկալելի ներդրումների տեսակը հանդիսացավ բանկային ավանդը: Բավական է նշել, որ մինչ 2013թ. ներառյալ վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ բանկերում ավանդների միջին տարեկան աճը գերազանցել է 20%: Բացառությամբ ճգնաժամային 2009թ., բավականին բարձր տեմպերով աճում էր նաև բանկային համակարգի կապիտալը, բարձր էր շահութաբերության գործակիցը: Սակայն ետճգնաժամային շրջանում էապես նվազեց բանկերի շահութաբերությունը, անկում ապրեցին բանկային համակարգի կապիտալի աճի տեմպերը, որի հետևանքով զգալիորեն նվազեց բանկերի կապիտալի համարժեքությունը մինչ 14,4% այն դեպքում, երբ ճգնաժամային 2009թ. ընթացքում այն կազմել է շուրջ 28%` տարվա ընթացքում դրսևորելով անգամ աճի միտում: Ընդհանրապես  ՀՀ բանկային համակարգը վերջին շրջանում բավականին բուռն աճ էր ապրում: Այսպես 2008-2014թթ. հայաստանյան բանկերի վարկային ներդրումների ծավալն աճել է շուրջ 3,2 անգամ, իսկ ներգրավված ավանդներինը` ավելի քան 3,5 անգամ:

Գծապատկեր 1.ՀՀ բանկային համակարգի գործունեության հիմնական ցուցանիշները 2007-2015թթ.

 

 

Ուշագրավ է, որ ՀՀ բանկային համակարգի ավանդների աճը դրսևորվեց անգամ 2009 ճգնաժամային տարում (այս երևույթը հատուկ անդրադարձի կարիք ունի): Սակայն 2014թ., առավելապես տարվա երկրորդ կեսին, իրավիճակը փոփոխվեց ու տարվա արդյունքներով ավանդների ծավալը աճեց ընդամենը 7.8%-ով վարկային ներդրումների շուրջ 20% աճի պայմաններում: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2014թ. արդյունքներով ՀՀ բանկերի ավանդների կեսը ու վարկային պորտֆելի երկու երրորդը արտարժութային էին. դրամի նշված արժեզրկման ներքո բանկերի ավանդների ու վարկային ներդրումների աճի տեմպերը շատ ավելի փոքր էին: Ակնհայտ է, որ ընթացիկ և դրան հաջորդող տարիները այս առումով լինելու են անհամեմատ ավելի բարդ: Ռուսաստանից ֆինանսական ընդհանուր հոսքի կրճատումը հանգեցնելու է, մի կողմից, առևտրային բանկերի ռեսուրսային բազայի կրճատմանը և ավանդների ծավալների հարավերական ու անգամ բացարձակ նվազմանը, մյուս կողմից, այն լուրջ անդրադարձ է ունենալու բանկերի վարկառուների ֆինանսական վիճակի վրա և հանգեցնելու է վարկային պորտֆելի որակի անկմանը (դրա առաջին դրսևորումներն արդեն առկա են): Փաստորեն, նոր ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունների էական անկումը հանգեցնելու է նրան, որ ՀՀ բանկերը զրկվելու են վարկային պորտֆելի որակը պահպանելու հնարավորությունից և կրելու են կորուստներ, ինչը, ի վերջո, հանգեցնելու է բանկերի առանց այդ էլ ցածր եկամտաբերության նվազմանը (մեր հասարակությունում իշխող է բանկերի գերշահութաբեր գործունեության մասին թյուր կարծիքը, մինչդեռ 2014թ. նախնական ոչ ամբողջական արդյունքներով կապիտալի շահութաբերությունը կազմել է ընդամենը 5,5%, իսկ դրան նախորդած, համեմատաբար բարենպաստ տարվա արդյունքներով` փոքր ինչ ավել 8%-ից): Հարկ է նաև ավելացնել, որ նախորդ ճգնաժամի պայմաններում բանկային համակարգի կայունությունը (տնտեսական ծավալուն անկման պայմաններում բանկային համակարգի աճը պահպանվեց, զգալի էր միայն բանկային համակարգի շահութաբերության անկումը) ապահովվեց լայնածավալ արտաքին ֆինանսական հոսքով ի հաշիվ պետական պարտքի գրեթե կրկնապատկման: Ակնհայտ է, որ ներկայումս նման հնարավորությունները, հաշվի առնելով նաև արևմուտքի հետ հարաբերությունների որակը, բացակայում են: Այսինքն ստեղծված իրավիճակում, երբ կտրուկ ավելացվեց նվազագույն կապիտալի պահանջը, կարգավորող մարմինը չպետք է բավարարվի դիտորդի կարգավիճակով, այլ օժանդակի բանկային համակարգում առակա խնդիրների լուծմանը` թե’ կապիտալիզացիայի խնդրի կարգավորման, թե’ ակտիվների որակի անկումը կանխելու հարցում (օրինակ` ցածրորակ ակտիվների դասակարգման ու դուրսգրման համաներման կամ այլ միջոցներով):

ՀՀ բանկային համակարգի զարգացման հեռանկարների խնդիրն առանձնահատուկ քննարկման կարիք ունի, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն վերջին շրջանի վերը նշված զարգացումներով, այլև նախորդ շրջանում ՀՀ բանկերի կապիտալի համարժեքության մակարդակի զգալի նվազմամբ և բանկերի գործունեության ռիսկայնության ավելացմամբ, որի արդյունքում, ինչպես վերը ակնարկվեց, կապիտալի համարժեքությունը փաստորեն հասավ սահմանային թույլատրելի մակարդակին: Կենտրոնական բանկի նախորդ տարեվերջի ընդհանուր կապիտալի մեծության պահանջի կտրուկ ավելացման և սպասվելիք տնտեսական զարգացումների, ակտիվների որակի ու բանկային համակարգի շահութաբերության մակարդակի շարունակական անկման պայմանններում, ակնհայտ է, որ ՀՀ բանկային համակարգը բախվելու է լրացուցիչ դժվարությունների հետ: Ամեն դեպքում ակնհայտ է, որ առաջիկա երեք տարիները որոշիչ, եթե ոչ ճակատագրական են լինելու ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ճարտարապետության և զարգացման բնութագրերի ու հեռանկարների առումով:

2014թ-ի տնտեսական զարգացումների ընդհանուր կորը, որը ենթադրում էր մակրոտնտեսական կայունություն, չափավոր, ոչ բարձր տնտեսական աճ և գնաճի ցածր մակարդակ, ընդհանուր գծերով պահպանվում էր տարվա առաջին երեք եռամսյակներին, սակայն որակապես փոփոխվեց տարեվերջին: Տարվա ընթացքում վերը նշված բացասական միտումների խորացման պայմաններում դրսևորվեց նաև Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող մասնավոր տրանսֆերտների հոսքի աճի տեմպերի նվազում, իսկ տարեվերջին նաև կտրուկ անկում: Արժութային շուկայում տարեսկզբից նկատվող լարվածության խորացումը ՀՀ ԿԲ ոչ արդյունավետ քայլերի, փոխարժեքը կայուն պահելու անհեռանկար ու քաղաքականության ընդհանուր սկզբունքներին հակասող գործելակերպի պատճառով (հայտարարված փոխարժեքի լողացող քաղաքականության պայմաններում ԿԲ ակտիվորեն մասնակցում էր արժութային շուկային, որի արդյունքում տարվա ընթացքում երկրի արտաքին պահուստները նվազեցին 764 մլն դոլարով) տարեվերջին հանգեցրեց արժությային շուկայում էական ցնցումների: Արդյունքում, բացի նրանից, որ երկրի արտաքին պահուստների մեկ երրորդով նվազման պայմաններում ազգային արժույթը արժեզրկվեց մոտ 15%, ուժեղացան գնաճային ճնշումները, լարվածություն առաջացավ ֆինանսական շուկայում, առաջ եկավ բավականին լուրջ անհանգստություն բնակչության շրջանում, որոնք ուղեկցվում էին սոցիալական հուզումներով: Այստեղ տեղին է հիշատակել մի երևույթ ևս, որը նկատելի է դառնում մեր տնտեսության համար բարդ տարիներին. նշված ժամանակահատվածներում նախորդ տարվա վերջին եռամսյակի միտումները որոշիչ են ընթացիկ տարվա տնտեսական զարգացումների համար: Նշվածը դրսևորվեց ընթացիկ տարվա առաջին ամիսների ընթացքում: Իհարկե երկու ամիսը կարճ ժամանակահատված է որևէ եզրակացություն անելու համար, սակայն անհրաժեշտ է առնվազն արձանագրել դրսևորված միտումները, որի արդյունքում կարելի է եզրակացնել, որ անհանգստանալու համար բոլոր նախադրյալներն առկա են:

Ամեն դեպքում հարկ է արձանագրել, որ տարեսկզբին արդեն իսկ առաջ են եկել այն գործոնները, որոնք էական ազդեցություն կունենան 2015թ-ի ՀՀ տնտեսական զարգացումների վրա: Դրանց թվում հարկ է առանձնացնել տարվա առաջին եռամսյակում արձանագրված միտումները, մասնավորապես ուղղակի ներդրումների և մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալի նվազումը:  Այսպես բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան ֆիզիկական անձանց անունով իրականացվող փոխանցումները նվազել են ավելի քան 35%-ով, իսկ դրանց զուտ (ՀՀ մուտք եղած և ՀՀ-ից դուրս ուղարկված գումարների տարբերությունը)  ներհոսքը` ավելի քան 50%-ով, ընդ որում նույնածավալ կրճատումով բնութագրվում է ոչ առևտրային նպատակով իրականացվող տրանսֆերտների հոսքը: Վիճակի բարդությունը ճիշտ գնահատելու համար հարկ է նաև ավելացնել, որ 2015թ. առաջին եռամսյակում բնակային համակարգով ֆիզիկական անձանց անունով մուտք եղաց գումարների ընդհանուր ծավալը նվազեց մինչ 2009 ճգնաժամային տարվա մակարդակը: Մասնավոր տրանսֆերտների հոսքի նվազման միտումը դրսևորվեց դեռևս 2014թ., երբ նախ տարվա առաջին կիսամյակում ներհոսքի ծավալները դադարեցին աճել, իսկ տարվա երկրորդ կեսին արձանագրվեց անկում: Արդյունքում 2014թ. բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ՀՀ մուտք եղած փոխանցումների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազեց 7.5%, իսկ փախանցումների զուտ մնացորդը նվազեց ավելի քան 10%-ով: Հարկ է ավելացնել նաև, որ զուտ տրանսֆերտների ծավալը 2014թ. զիջեց թե 2012թ. և թե նախաճգնաժամային 2008թ. մակարդակը: Սա արդեն լուրջ նախազգուշացում է սպասվող զարգացումների առումով, քանզի մասնավոր տրանսֆերտների ներհոսքը հանդիսանում է ոչ միայն ՀՀ տնտեսության գործունեության, այլև ամբողջ ֆինանսական ու բանկային համակարգի զարգացման կարևոր նախադրյալ: Հարկ է նաև ավելացնել, որ ըստ գնահատականների մասնավոր տրանսֆերտների տարեկան մինչև 10% աճի յուրաքանչյուր մեկ տոկոսը հայաստանյան տնտեսության առանձնահատուկ պայմաններում կարող է ապահովել 0,3-0,4% տնտեսական աճ, այսինքն Հայաստանը նշված պարագայում զրկվում է տնտեսական աճի կարևոր խթաններից մեկից:

Գծապատկեր 2.

Բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ՀՀ մուտք եղած դրամական փողանցումները ըստ ամիսների առ 2015թ. առաջին եռամսյակը (զուտ)

 

 

Արտաքին որոշիչ գործոնների թվում հարկ է առանձնացնել Եվրասիական միությունում գերակշիռ դեր ունեցող Ռուսաստանի Դաշնության տնտեսական վիճակը: 2015թ-ին կանխատեսվող 2-5% տնտեսական անկումը (3,8% ըստ ԱՄՀ ապրիլյան կանխատեսման) և միջինժամկետ, մինչ 2017թ. սպասվող ռեցեսիան, բարձր գնաճային ճնշումների պարագայում, կարծես որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, դա արձանագրում են նաև ռուսաստանյան պաշտոնատար օղակները: Խնդիրն այն է, որ զարգացումները կարող են ընթանալ այլ տարբերակով և անկումը լինի ավելի խորը (հրապարակոմ արդեն առկա են անհամեմատ ավելի վատատեսական գնահատականներ, մասնավորապես Ե.Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի վերջին հրապարակումների համաձայն տնտեսական անկումը կարող է կազմել 7.8 տոկոս): Նման գնահատականների հիմքում ընդունված են նավթի ներկայիս գների անփոփոխ մակարդակն ու ռուս-ուկրաինական հակադրության չծավալման պարագայում արտաքին պատժամիջոցների չխորացումը, որի պայմաններում ռուսական ռուբլին կմնա ներկայումս ձևավորված մակարդակի վրա: Լավատեսական կանխատեսումների պարագայում անգամ, որոնք ենթադրում են արդեն ընթացիկ տարում նավթի գների աճ և պատժամիջոցների վերացում, 2015թ. բնութագրվելու է տնտեսական անկմամբ, իսկ տնտեսական առողջացումը տեսանելի կդառնա միայն հաջորդ տարի: Չեն բացառվում նաև զարգացումների ավելի վատ տարբերակներ` պատժամիջոցների խստացում ու նավթի գների շարունակական անկում, որը ևս հնարավոր է, քանզի առայժմ Ռուսաստանը որևէ կերպ չի ուզում փոփոխել իր կեցվածքը ետխորհրդային տարածքում, իսկ Արևմուտքը նման դիրքորոշումը կանխելու հիմնական եղանակը համարում է պատժամիջոցների կիրառման եղանակով Ռուսաստանի տնտեսության թուլացումը: Հարկ է նաև ավելացնել, որ Ռուսաստանի տնտեսական զարգացումների վերոնշյալ միտումների ներքո բացի նավթի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված տնտեսության որոշ հատվածներում դրսևորված և առաջիկայում սպասվող անկումից, առավել խոցելի են լինելու առևտուրը, շինարարությունը և սպասարկման ոլորտները: Իսկ նշված զարգացումները իրենց էական ազդեցությունը կունենան ոչ միայն Ռուսաստանի ու Եվրասիական միության վրա, այլ նաև Ռուսաստանի հետ տնտեսական քիչ թե շատ ակտիվ կապ ունեցող երկրների ու լայն իմաստով տարածաշրջանային զարգացումների վրա: Նշված առումով ուշագրավ է, որ անցած տարվա ավարտին ռուսաստանյան զարգացումների ազդեցությունը դրսևորվեց ոչ միայն Եվրասիական միության անդամ երկրների և միայն այս տարվա սկզբից միությանն անդամակցած Հայաստանի, այլև, փաստորեն, նախկին ԱՊՀ բոլոր երկրների, այդ թվում քաղաքական ու տնտեսական առումով դեպի Եվրոպական միություն կողմնորոշված Վրաստանի ու Մոլդովայի վրա` նախևառաջ արտաքին առևտրի, կապիտալ ու ընթացիկ ֆինանսական հոսքերի, փոխարժեքների տատանումների և այլ տնտեսական գործոնների առումով: Հայաստանի տնտեսության վրա ռուսաստանյան տնտեսական ազդեցություններից վերը նշված արտահանման կրճատման ու ներմուծման ավելացման ներքո, արտաքին առևտրի ընդհանուր ծավալների աճից բացի, տարվա ընթացքում ներդրումների ծավալների անկումը (որի վիճակագրությունը դեռևս ամփոփված չէ), մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատումը (2014թ-ի ընթացքում բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից մուտք եղած միջոցները կրճատվել են ավելի քան 170 մլն ԱՄՆ դոլարով` շուրջ 10%-ով, իսկ զուտը` շուրջ 200 մլն-ով) դեռ առաջին դրսևորումներն են, որոնք ավելի ծավալուն կդառնան ընթացիկ տարում: Բացի վերը նշվածից, Ռուսաստանը մնում է հայաստանյան տնտեսության նկատմամբ որոշակի հետաքրքրություն ունեցող երկիր (ներկայումս առավելապես մեր հայրենակիցների միջոցով). դեպի Ռուսաստան են մղված վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքի հոսքերը, որոնք առկա պայմաններում բախվելու են որոշակի դժվարությունների հետ:

Համաշխարհային առկա տնտեսական զարգացումների ներքո, երբ կարևոր գործոններից մեկը դարձել է հումքի միջազգային գների անկումը, որոշակի զարգացումներ կդրսևորվեն նաև Հայաստանում: Այդ իմաստով ՀՀ տնտեսության վրա առավել մեծ ազդեցություն ունեցող արտաքին գործոնների շարքում հարկ է առանձնացնել նաև ՀՀ արտահանման կարևոր հոդվածը հանդիսացող պղնձի ու մոլիբդենի համաշխարհային գների անկումը անցած տարվա սկզբից առ այսօր ավելի քան 20%-ով, ոսկու գների ավելի մեղմ, բայց նվազումը, ինչը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա ՀՀ արդյունաբերության հնարավոր զարգացումների վրա:

Ամփոփելով արտաքին գործոնների հնարավոր ազդեցությունները` կարելի է արձանագրել ընթացիկ տարում սպասվող հիմնական զարգացումները: Դրանց թվումառավել նշանակալիցը կլինեն ուղղակի ներդրումների ծավալների կրճատումը շուրջ մեկ քարրորդով, մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալի անկումը շուրջ մեկ երրորդով (որին մոտ են ՀՀ ԿԲ 2015թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության 12 ամսյա կանխատեսումները):

Ստեղծված իրավիճակի և սպասվող զարգացումների մասին հնարավորին ամբողջական պատկերացումներ կազմելու, ինչպես իրավիճակի առողջացման ծրագրերի մշակման համար անհրաժեշտ է առկա վիճակը համադրել Հայաստանում նախորդ ճգնաժամի ծավալման և փուլ առ փուլ դրսևորման հետ: Ուշագրավ է ընթացիկ տարվա առկա տվյալների համադրումը ճգնաժամային 2009թ-ի տվյալների հետ: Այսպես, 2015թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2,5%, մինչդեռ 2009թ-ի նույն ժամանակահատվածում արդեն իսկ արձանագրվել էր տնտեսական անկում: Տնտեսական ակտիվության նման մակարդակի համար որոշիչ են հանդիսացել գյուղմթերքների արտադրության ծավալի աճը 4,5%-ով և ծառայությունների ծավալի աճը 3,9%-ով, մինչդեռ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջնային տեղ ունեցող առևտրի ճյուղում գրանցվել է ավելի քան 6% անկում, թեև 2009թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում արձանագրվել էր աճ: Որոշակի աճ է արձանագրվել արդյունաբերության և անգամ երկարատև անկում ապրող շինարարության ոլորտներում, թեև 2009թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտներում արձանագրվել էր շուրջ 10% անկում: Շուրջ մեկ քարրորդով, ինչպես և 2009թ. կրճատվել են արտաքին ապրանքաշրջանառության ծավալները, զգալի չափերով էլեկտրոէներգիայի արտադրության ծավալները, ընդ որում եթե տնտեսության այլ ոլորտներում հնարավոր կլինի տարվա ընթացքում ապահովել հնարավոր ավելի դրական զարգացումներ, ապա նշված ոլորտներում զարգացումները էապես չեն փոխվի ամբողջ տարվա արդյունքում: Հարկ է նաև ավելացնել, որ արտաքին առևտրի ծավալների անկման և կառուցվածքի փոփոխության առկա միտումները կրելու են ավելի երկարատև բնույթ, քանզի պայմանավորված են արտաքին առավել երկարատև գործոններով, նույն ռուսաստանյան տնտեսության զարգացումներով, համաշխարհային շուկաներում տեղի ունեցող իրադարձություններով:

Գծապատկեր 3. ՀՀ արտաքին առևտուրը 2007-2017թթ.

 

 

Արդյունքում, համադրելով վերը նշված միտումները, կարելի է արձանագրել, որ արտաքին գործոնների անփոփոխ մնալու պայմանններում և իրականացվող տնտեսական քաղաքականության որակական տեղաշարժեր չիրականացնելու դեպքում, առավել հավանական արդյունքը կլինի մինչ 10% տնտեսական անկումը գնաճային բարձր` 8-10% մակարդակի պայմաններում: Ընդ որում նշված միտումները չեն կանխվի նաև հաջորդ` 2016 և 2017թթ., երբ գնաճային ճնշումների ընդհուպ մինչև զրոյական մակարդակ նվազման պայմաններում, չի դրսևորվի տնտեսական աճ: Ընդ որում հնարավոր զարգացումներից մեկը` անկման ավելի մեղմ տարբերակն է  ընթացիկ տարում և սպասվող տնտեսական անկման փոխանցումը 2015թ.-ից հաջորդ տարիներին: Հարկ է ավելացնել նաև, որ սա հնարավոր զարգացումների վատագույն տարբերակը չէ, այն ենթադրում է, որ տնտեսական իշխանությունները այսօր ևեթ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը, հրաժարվեն կրավորական անտարբեր կեցվածքից և ձեռնամուխ լինեն ինչ-ինչ ծրագրերի մշակմանն ու խնդիրների լուծմանը: Հակառակ դեպքում մեզ սպառնում է երկարաժամկետ և խոր տնտեսական անկումը իր բոլոր բացասական դրսևորումներով:

Դատելով վերջին ամիսների զարգացումներից` կարելի է եզրակացնել, որ 2015թ-ին և առաջիկա տարիներին ՀՀ տնտեսության առավել բնորոշ դրսևորումը լինելու է ներքին պահանջարկի ճգնաժամը, որն իր ազդեցությունը կունենա տնտեսության այն ոլորտների վրա, որոնք նախևառաջ նպատակաուղղված են ներքին պահանջարկի բավարարմանը` շինարարություն, առևտուր, սպասարկման ոլորտ: Այսօր արդեն տեսանելի են լուրջ նախադրյալներ ներմուծման 20-25% կրճատման համար, մինչդեռ արտահանման ծավալների կրճատումը լինելու է համեմատաբար ավելի մեղմ:

Գծապատկեր 4. Տնտեսական աճը և գնաճը ՀՀ-ում 2007-2017թթ.

 

 

Սակայն նշվածը կրում է որոշակի ռիսկայնություն, որը պայմանավորված է հումքի միջազգային գներից, գործընկեր երկրներում տիրող իրավիճակից, ինչպես նաև ՀՀ ԿԲ գործողություններով: Բազմիցս նշվել է, որ կենտրոնական բանկի միջամտությունները փոխարժեքի շուկային պետք է բացառվեն, իսկ դեպքերը հստակ կանոնակարգվեն և լինեն հրապարակային: Լողացող փոխարժեքի քաղաքականությունը Հայաստանում ներկայիս պայմաններում չունի այլընտրանք. շեղումը այդ քաղաքականությունից հղի է լուրջ հետևանքներով: 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ լարվածություն էր առաջացել արժութային շուկայում և ՀՀ ԿԲ ծավալուն ինտերվենցիաներ էր իրականացնում, ևս արվել այս նախազգուշացումը, հիշատակվել է անգամ Ռուսաստանի օրինակը, որտեղ ՌԴ դատախազությունը արտաքին պահուստների վատնման փաստով քրեական գործ էր հարուցել: Սակայն այդ նախազգուշացումները մնացին անարձագանք, Հայաստանը կրեց էական վնասներ, իսկ ՀՀ ԿԲ ներկայումս ևս շարունակում է միջամտությունները և բացի նրանից, որ 2014թ-ի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների գումարը նվազեց մեկ երրորդով, տարեսկզբից կենտրոնական բանկը շարունակում է նույն քաղաքականությունը: Փաստորեն ՀՀ արտաքին պահուստների մակարդակը նվազել է մինչներմուծման 3-3,5 ամսվա ծածկույթը: Հաշվի առնելով ՀՀ արտաքին պարտքի մեծությունը, որը շուրջ յոթ անգամ գերազանցում է պահուստների ծավալը և վճարային հաշվեկշռի խորացող ճեղքվածքը, կարելի է եզրակացնել, որ պահուստների մակարդակը հասել է այն սահմանին, երբ վտանգվում է ՀՀ արտաքին պարտավորությունների կատարումը: Վիճակը փոքր ինչ շտկվեց հետագայում, երբ ապրիլին ՀՀ արտաքին պահուստների մակարդակը աճեց մինչ նախորդ տարևերջի մակարդակը, սակայն դա տեղի ունեցավ արտաքին պարտքի ծավալների ավելացման` միջազգային շուկաներից բավականին թանկ փոխառության ներգրավման  միջոցով:

Ներկայումս ՀՀ արժութային քաղաքականության խնդիրը ձեռք է բերում նոր բովանդակություն: Մի կողմից Հայաստանը մուտք է գործել տնտեսական միասնական համակարգ, որի անդամ երկրները, ինչպես ցույց տվեցին 2014թ-ի զարգացումները, կիրառում են  արժութային քաղաքականության ոչ ազատ լողացող սկզբունքներ: ՌԴ ԿԲ միայն տարեվերջին մեծածավալ ու անարդյունավետ ներարկումներից հետո (ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամ 2014թ-ի ընթացքում արժեզրկվել է շուրջ երկու, իսկ Եվրոյի նկատմամ` 1,6 անգամ), երբ պահուստների ծավալը լուրջ կրճատվել էր, հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականության անցմանը, այն էլ որոշակի վերապահումներով: Մյուս կողմից Ռուսաստանի հետ ծավալուն առևտրատնտեսական կապեր ունեցող երկրները դիմեցին կամ չխոչընդոտեցին ազգային արժույթների արժեզրկումը: Անգամ Ղազախստանը, որը մաքսային միության անդամ երկրների շարքում առաձնանում է ֆինանսական համակարգի զարգացման բարձր մակարդակով և հետամուտ էր փոխարժեքի ձևավորման շուկայական սկզբունքների կիրառման հարցում, դեռևս տարեսկզբին դիմեց վարչական միջամտությանը և արժեզրկեց ղազախական արժույթը`տենգեն, 17%-ով: Նախորդ տարվա սկզբի համեմատ զգալիորեն` ավելի քան 28%-ով, արժեզրկվեց վրացական լարին,իսկ այս տարվա փետրվարի վերջին Ադրբեջանը մեկ օրում ազգային արժույթը` մանաթը, արժեզրկեց 35%-ով: Նշված բոլոր դեպքերում վերոհիշյալ երկրների կառավարություններն ու կենտրոնական բանկերը դիմեցին որոշակի միջոցների արժեզրկման սոցիալական հետևանքների կանխման և գնաճի մակարդակը վերահսկելու ուղղությամբ անթաքույց դնելով ազգային տնտեսությունների մրցունակության և արտաքին առևտրի ճեղքվածքը չխորացնելու խնդիրները:

Գծապատկեր 5. Մի շարք երկրների ազգային արժույթները ԱՄՆ դոլարի նկատմամբ 01.2014-03.2015թթին, %-ներով

 

Փաստորեն նշված երկրների թվում առավել կայունն էր ՀՀ դրամը, մինչդեռ Հայաստանը դրանց թվում բնութագրվում է վճարային հաշվեկշռի ու արտաքին առևտրի առավել խոր ճեղքվածքով, ուղղակի ներդրումների առավել ցածր մակարդակով և մասնավոր տրանսֆերտների նվազման ամենաբարձր տեմպերով:

Նշված պայմաններում ակնհայտ է, որ Հայաստանը 2015թ. ևս առնվազն չպետք է խոչընդոտի արժույթի նվազման հնարավոր միտումները և թիրախային դարձնի մի կողմից գնաճը, մյուս կողմից` առաջ եկող սոցիալական խնդիրները: Այստեղ տեղին է վերհիշել 2009թ. ճգնաժամի դասերից թերևս առավել կարևորը` չի կարելի տարվել կարճատև ժամանակահատվածում արդյունք տվող լուծումներով, յուրաքանչյուր վճռից հետո պետք է կանխատեսված լինեն հաջորդ քայլերը: Համենայն դեպս, արժութային շուկայում առավել սպասվող հնարավոր զարգացումը նախորդ տարվա վերջի իրավիճակի կրկնությունն է, և դաշտի բոլոր մասնակիցները, առավել ևս ֆինանսական ու մասնավորապես բանկային համակարգերը պետք է պատրաստ լինեն դրան: Սա առավելապես վերաբերվում է բանկային համակարգին, որի վրա այդ իրադարձությունները բավականին լուրջ ազդեցություն ունեցան:

Ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակում ԿԲ-ը  արտառոց, շոկային լուծումներից պետք է անցում կատարի հետևողական, ընկալելի ու թափանցիկ և կախատեսելի քաղաքականությանը: ԿԲ-ը պետք է սեղմ ժամկետներում մշակի և հրապարակի դրամավարկային միջոցառումների կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որում պետք է հայտարարվեն դրամավարկային քաղաքականության հիմնարար մոտեցումները, այդ թվում` արժութային շուկայում իրականացվող քաղաքականությունը, տոկոսադրույքների քաղաքականությունն ու պարտադիր պահուստավորման գործիքի կիրառման սկզբունքներն առաջիկա մեկ և հետագա տարիներին: Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ տեղ պետք է տրվեն ֆինանսական, մասնավորապես բանկային հատվածի կայունությանն ուղղված քայլերը, ավանդատուների շահերի պաշտպանության ուղղված միջոցները (այդ թվում նաև ավանդների երաշխավորված գումարի շեմի բարձրացումը), բանկերի գործունեության հուսալիության ապահովման, վերահսկողության ու կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումները :

Բանկային կամ ընդհանրապես ֆինանսական համակարգի կայունության խնդիրը թեև խիստ կարևոր, սակայն տնտեսական զարգացումների ածանցյալն է: Այս առումով տվյալ ոլորտի որևէ միջոցառում կամ ծավալուն ձեռնարկ պետք է դիտարկվի ընդհանուր այնպիսի ծրագրի շրջանակներում, որի առանցքը պետք է կազմեն տնտեսական առողջացմանը և արտաքին բացասական շոկերի ազդեցությունը մեղմացնելուն  ուղղված միջոցները: Ինչպես արդեն նշվեց` ընթացիկ ճգնաժամի հիմնական ազդակը  հանդիսանալու է արտաքին ֆինանսական հոսքերի նվազման պայմաններում պահանջարկի զգալի կրճատումը, որի մեղմացմանն ուղղված միջոցների շարքում առանցքայինը կարող է և պետք է հանդիսանա հարկաբյուջետային քաղաքականության վերանայումը: Կարևորագույն խնդիրը, իհարկե, ֆինանսական միջոցների հայթայթման հարցն է, որի լուծման համար իշխանությունները պետք է դիմեն թե ավանդական` արտերկրից ֆինանսական միջոցների ներգրավմանը ու հարկային վարչարարության բարելավմանը, թե ավելի երկարատև լուծում պահանջող միջոցների կիրառմանը` հարկային օրենսդրության փոփոխությանը, հարկային բեռը հասարակության առավել ունեվոր հատվածների վրա տեղափոխելուն և իրակնացվող ծրագրերի ֆինանսավորման նոր, առավելապես ներքին աղբյուրների ձևավորմանը: Արտաքին շուկաներից փոխառությունների ներգրավման հնարավորությունները խիստ նվազել են, քանզի նախ ՀՀ արտաքին պարքը ներկայումս, Եվրոբոնդերի վերջին թողարկումից հետո հասել է 50 տոկոսի, այսինքն օրենսդրությամբ սահմանված 60 տոկոսանոց սահմանագծին: Բացի այդ, ինչպես վկայեց նույն այդ Եվրոբոնդերի թողարկումն, մեր երկրի վարկանիշի անկման պայմաններում արտաքին փոխառությունների գինը զգալիորեն աճել է (ներկայումս փաստորեն ՀՀ առևտրային բանկերը եվրոյով միջոցներ են ներգրավում ավելի ցածր տոկոսադրույքով, քան ՀՀ իշխանությունները):

Կարճաժամկետ խնդիրների շարքում խիստ կարևոր են դառնում լայն իմաստով ներքին ռեսուրսների արդյունավետ տնօրինման խնդիրները: Այս տեսանկյունից կարևոր ռեսուրս պետք է համարվի փոքր բիզնեսի զարգացման, ինքնազբաղվածության ապահովման ուղղությամբ նախաձեռնությունների խրախուսման և այլ նման միջոցառումների իրականացման հարցը: Արդեն տեսանելի է զբաղվածության առանց այդ էլ ցածր մակարդակի հետագա անկման, երկրի համար ճակատագրական դարձած արտագաղթի մեծ ծավալների հետագա ավելացման, ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ, լեռնային ու նախալեռնային բնակավայրերի դատարկման ռիսկը: Այս իմաստով, բացի նշվածից,  կարևոր դեր կարող են ունենալ ժամանակավոր առանձնահատուկ միջոցառումները, օրինակ` սպասարկման և առևտրի ոլորտում խոշոր, առավելապես շուկայում նշանակալից տեղ զբաղեցնողների գործունեության սահմանափակումները (հանգստյան օրերին, երեկոյան ժամերին), ժամանակավորապես նոր, խոշոր առևտրի օբյեկտների ստեղծման արգելափակումը (նման լուծումներ կարելի է հանդիպել Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներում.այսպես`բավականին վերջերս Լոնդոնի իշխանությունները փոքր առևտուրը չխոչընդոտելու նպատակով երկու տարի ժամկետով հետաձգել են խոշոր առևտրի օբյեկտի բացումը): Առանձին քայլեր կարող են ձեռնարկվել սահմանամերձ ու լեռնային շրջանների գյուղացիական տնտեսություններից մթերումների ապահովման համար, օրինակ` մթերող և վերամշակող կազմակերպությունների համար որոշ հատուցովի քվոտաների սահմանման տեսքով և այլն:  Ընդհանրապես նման իրավիճակներում առավել արդիական են դառնում գյուղական համայնքների սոցիալական, մշակույթային և կրթական համալիրների զարգացման, ներքին բարեկարգման ու նմանատիպ այլ խնդիրների լուծումները: Նշվածը, իհարկե, չի կարող նշանակալից դեր ունենալ. մեր երկիրը կանգնած է համակարգային վերափոխումների անհրաժեշտության առաջ, առանց որի ուղղակի չի կարող ապագա ունենալ: Սակայն նմանատիպ լուծումներով նշանավորվում է շրջադարձը դեպի երկրի, սովորական քաղաքացու հոգսերը, գերիշխող բացարձակ անտարբերության մթնոլորտի փոփոխությունը և այլ միջոցառումների հետ մեկտեղ կարող է ունենալ արդյունքներ:

Այսօր հայաստանյան հիմնախնդիրների շարքում առանցքայինններից է դարձել աղքատության բարձր և աճող մակարդակը, սոցիալական բևեռվածության աստիճանը և արտագաղթը: 2013թ. արդյունքներով աղքատ էին Հայաստանի բնակչության 32%, ընդ որում նախորդ 2014թ. և ընթացիկ տարվա զարգացումների ներքո կանխատեսելի է աղքատության մակարդակի աճ: Հարկ է նաև ավելացնել, որ համաշխարհային բանկի հետազոտությունների համաձայն Հարավային Կովկասի պետությունների թվում Հայաստանը առանձնանում է աղքատության առավել բարձր մակարդակով: Նույն 2013թ. աղքատ էին Վրաստանի բնակչության 14,8 և Ադրբեջանի բնակչության միայն 6%, այն դեպքում, երբ, օրինակ, Ադրբեջանում աղքատ են համարվում օրեկան 5 ԱՄՆ դոլարից, իսկ Հայաստանում` միայն 2,5 դոլարից պակաս եկամուտ տնօրինողները: Այս սարսափելի պատկերը կարելի համալրել նաև գործազրկության վերաբերյալ առկա տվյալներով: Ըստ հրապարակված տվյալների Հայաստանը գործազրկության ցուցանիշով ևս առաջատարն է, այն 2013թ. կազմել է 16%, մինչդեռ նույն ժամանակ Վրաստանում այն կազմել է 14,8, իսկ Ադրբեջանում միայն 5,2%: Նույնն է պատկերը սոցիալական բևեռվածության առումով` այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ԱՊՀ անդամ բոլոր երկրներին: Նշվածը ուղղակի գնահատականն է ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության լայն իմաստով, սակայն նաև վկայում է առանձին հատվածներում քաղաքականության բացերի մասին: Այսպես, սոցիալական բևռվածության խնդիրը իհարկե մեկ օրում չի առաջացել, դրա խորացմանը հանգեցնում են հարկային ու սոցիալական քաղաքականությունները: Մինչդեռ, օրինակ, հարկային քաղաքականության սկզբունքների հարցում հիմնականում շարունակում է տարվել այն գիծը, որ հարկեր վճարում են բոլորը, ըստ սպառման ծավալների, որի հետևանքով գույքային խոշոր համալիրների, ճոխ տների ու թանկարժեք մեքենքների տերերը կարող են վճարել նույն մակարդակի հարկեր, ինչ որ վճարում են ոչ բարձր օրինական կամ գրանցված եկամուտ ունեցողները: Մինչդեռ նման իրավիճակի շտկման ուղղված անգամ ակնհայտ քայլերը, որոնց թվում, օրինակ, կարելի առանձնացնել գույքահարկի դերի զգալի ավելացումը կամ հարկային բեռի քայլ առ քայլ տեղափոխումը սպառումից դեպի եկամուտները, անգամ չեն ծրագրավորվում:

Հարկ է նաև արձանագրել, որ ՀՀ իշխանությունները այդպես էլ դաս չքաղեցին նախորդ ճգնաժամից. Հայաստանը մնում է քաղաքականապես գերկոռումպացված մենաշնորհային շատ խոցելի համակարգ, որտեղ միակ “արդյունավետ” լուծվող խնդիրը իշխանությունների վերարտադրությունն է, որին և ուղղված են իշխանությունների ջանքերը, որի կազմալուծումն ու վերափոխումը զարգացման հիմնական նախադրյալն ու երաշխիքն է:

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *