Alternative

Daily Archives: October 28, 2012

Ճտերին էլ հաշվեցին…

 Ավարտվում է աշնան երկրորդ ամիսը, սակայն ՀՀ Ազգային Ժողովն այդպես էլ չստացավ այն 50 օրինագծերը, որի մասին Հրանտ Բագրատյանը հրապարակավ խոստացել էր:[1]   Նրան ճանաչողները բնականաբար նման հույսեր երբեք չեն էլ ունեցել:  Եվ ընդհանրապես, պետք չէ մեղադրել այդ մարդուն ստախոսության, չարախոսության, հայհոյախոսության, աջ ու ձախ անձնական մեղադրանքներ տեղալու, անհավասարակշիռ վարքագծի և ընդհանրապես Հայաստանի տնտեսությունը հիմնահատակ քայքայելու հարցերում:  Փոխարենը թերևս մեղավոր են նրանք, ովքեր դեռ սին հույսեր են փայփայում նրա տնտեսագիտական կարողությունների և իր շրջապատին կամ երկրին որևէ օգուտ տալու հարցում:  Եվ որպեսզի վերանան վերջին պատրանքները, հեռու գնալ պետք չէ:  Ընդամենը մի փոքր անդրարդարձ կատարել մի քանի օր առաջ ՀՀ Ազգային Ժողովում և սոցիալական ցանցում զետեղված մի քանի “հանճարեղ” մտքերի և եզրակացությունները թողնենք ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ ընդամենն առողջ բանականությամբ օժտված ցանկացած ընթերցողի:
Այս անգամ Բագրատյանի թիրախը դարձել էր Կենտրոնական Բանկն իր դրամավարկային քաղաքականությամբ:  Իհարկե, որևէ մեկը չի կարող կատարյալ համարել մեր երկրի ո’չ տնտեսական, ո’չ էլ դրամավարկային քաղաքականությունները, սակայն դա չի նշանակում, որ պետք է թացն ու չորն իրար խառնել, մարդկանց վիրավորել և փորձել ցույց տալ սեփական “ինտելեկտը”, որը մեր համոզմամբ, գնալով իջնում է զրոյական մակարդակից ցած:  Այսինքն` պետք է իրերն իրենց անունով կոչել: