Alternative

Monthly Archives: June 2015

Տնտեսական մարտահրավերներ

Բագրատ ԱՍԱՏՐՅԱՆ

 Հայաստանյան տնտեսություն` դանդաղ աճ, թե շարունակվող ճգնաժամ

 Թեև 2015թ-ի տարեսկիզբը նշանավորվեց տնտեսական զարգացումների վերաբերյալ նախորդ տարվա վերջին ձևավորված բացասական սպասումների որոշակի չեզոքացմամբ, սակայն  դա հիմնականում պայմանավորված էր արտաքին, մասնավորապես ռուսաստանյան տնտեսական զարգացումների բացասական ազդակների որոշակի մեղմացմամբ: Նշված երևույթը պայմանավորված էր նաև մեր երկրում իրականացված առանձին քայլերով, որոնք զսպեցին պահանջարկի անկման սպասվող դրսևորումները: Սակայն, նշվածով հանդերձ, ակնհայտ է, որ ընթացիկ տարին լինելու է Հայաստանի տնտեսության համար բավականին ծանր: Իրավիճակի զարգացման նման գնահատականներ ի վերջո տվեցին նաև միջազգային ֆինանսական հաստատություններն ու վարկանիշային գործակալությունները, որոնք, իրենց հատուկ ոճով, առանց խորանալու խնդրի մեջ, կանխատեսեցին բացասական զարգացումների հնարավորութւյունները Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների ներքո` շեշտը դնելով Ռուսաստանում տնտեսական իրավիճակի հնարավոր զարգացումների վրա և միայն հպանցիկ, չխորանալով Հայաստանում տնտեսական իրավիճակին վերաբերող խնդիրների մեջ: Մասնավորապես  ԱՄՀ-ը իր Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների զարգացման հեռանկարներ 2015թ. ապրիլյան հրապարակման մեջ արդեն արձանագրեց Հայաստանի տնտեսական անկման հեռանկարը մինչ տարեկան մեկ տոկոս, մինչդեռ նախորդ բոլոր հրապարակումներում նշվում էր հնարավոր դրական զարգացման հնարավորությունը: Մոտեցումը նոր չէ. բավական է վերհիշել 2008-2009թթ. զարգացումները և միջազգային ֆինանսական հաստատությունների գնահատականները, երբ նույն այդ կազմակերպությունները հետևում էին իրադարձությունների զարգացմանը և իրավիճակի վատթարացմանը զուգահեռ պարբերաբար փոփոխում Հայաստանի հնարավոր զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները առանց տնտեսությունում առկա հիմնախնդիրներին խորանալու: