Alternative

Թաթուլ Մանասերյանի` Հայաստանի մրցակցային առավելությունների մասին զեկույցն արժանացել է հատուկ մրցանակի

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը մարտի 19-21-ը մասնակցել է Գործարարության զարգացման ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային կոնգրեսին, հանդես եկել զեկույցով, որն արժանացել է հատուկ մրցանակի:

 

Կոնգրեսն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աժման քաղաքում` Գիտության և տեխնոլոգիաների համալսարանում, որին մասնակցել են 32 երկրների /ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Հնդկաստան, Գերմանիա, Ղազախստան, Ռուսաստան, Ֆինլանդիա և այլն/ 500 գիտնականներ:  Կոնգրեսն ամենամյա է և յուրաքանչյուր տարի փոխվում է անցկացման վայրը /մեկ անգամ զարգացած, մյուս անգամ` զարգացող երկրում/: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն այս կարևոր գիտաժողովին մասնակցում է առաջին անգամ: Թ.Մանասերյանի թեկնածությունը կոնգրեսին մասնակցելու համար ներկայացրել է հեղինակավոր Արևմուտքի տնտեսագիտական ընկերակցությունը, որին նա անդամակցում է 1993 թվականից:

«Հայաստանի մրցակցային առավելությունները և դրանց իրացման հեռանկարները տարածաշրջանում ու համաշխարհային տնտեսությունում» թեմայով զեկույցում, հեղինակն անդրադարձել է Հայաստանի ու հետխորհրդային մի շարք երկրների տնտեսություններում առկա և հաճախ ընդհանուր բնույթ կրող մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտող ու խնդիրներին, ապա խոսել նաև համագործակցության ոլորտում գրանցված առաջնընթացի մասին:  Մասնավորապես, կարևորվել է ընդհանրական բնույթ կրող հիմնահարցերը միասնական ուժերով հանգուցալուծելու անհրաժեշտության մասին:  Անդրադարձ է արվել հետխորհրդային տարածքում ԱՊՀ անդամ ութ երկրների կողմից նախաձեռնած ազատ առևտրի գոտու ձևավորմանը, որի շուրջ համաձայնությունը ստորագրվել է նախորդ տարվա հոկտեմբեր ամսին` Սանկտ – Պետերբուրգում:

Միաժամանակ, զեկույցում մատնանշվել են Եվրոպական միության հետ համագործակցության ծավալման ճանապարհին գոյություն ունեցող տնտեսական և քաղաքական խոչընդոտներին, ինչպես նաև այս տարի մեկնարկած Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին միանալու վերաբերյալ Եվրամիություն – Հայաստան բանակցություններին, ինչը լրացուցիչ ազդակ կարող է հանդիսանալ երկրի մրցակցային առավելությունների բացահայտման և դրանց արդյունավետ իրացման առումներով:

 

Զեկույցում հեղինակն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության ձևավորման հեռանկարներին, տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաներին, նանոտեխնոլոգիաներին, որոնք, ըստ Մանասերյանի, կանխորոշում են Հայաստանի մրցակցային առավելությունները:  Առանձնահատուկ կարևորվել է մասնավոր հատվածի, հասարակական կառույցների /այդ թվում` գիտական/ և Կառավարության համագործակցության անհրաժեշտությունը Հայաստանում սկիզբ առած երկրորդ սերնդի բարեփոխումների համատեքստում:

 

Ի վերջո, համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին ներկայացվեցին այն առանցքային խնդիրները, որոնց լուծումները հնարավորություն կընձեռի առաջիկա տասնամյակում Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտական-կրթական կենտրոնի, ինչպես նաև հնարավորություն կընձեռի հաջողությամբ իրացնել Հայաստանի մրցակցային առավելությունները նախ տեղական շուկայում, որն, իր հերթին թույլ կտա տարածաշրջանում և միջազգային շուկաներում գտնել այն հատվածը, որը մատչելի ու հասանելի կլինի Հայաստանի տնտեսության համար:   Մատնանշված նպատակների իրագործումն, ըստ տնտեսագետի, գտնվում են բազմագործոն կախվածության վիճակում և գլխավորապես պայմանավորված են ինչպես երկրի ներսում ընթացող բարեփոխումների արդյունքներով, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներով` Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, համագործակցության հեռանկարների կոնտեքստում:  Առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, որը թույլ կտա ոչ միայն հակամարտության կողմերին, այլև ողջ տարածաշրջանին ձևավորել խաղաղության և անվտանգության պլատֆորմ, ինչը կենսական նշանակություն է ձեռք բերում հետագա առաջընթացի տեսանկյունից:

Մանասերյանը ներկայացրել է տարածաշրջանում ազատ  տնտեսական գոտի ձևավորելու մոդելն` իր հիմնավորումներով և փաստարկներով, որը նրա ներկայացմամբ, կարող է տանել դեպի ընդհանուր շուկայի ձևավորման, ինչպես նաև հնարավորություն ընձեռել տեսանելի հեռանկարում անցում կատարել նաև տարածաշրջանային տնտեսական ինտաեգրման մյուս կարևոր փուլերին:  Ի թիվս տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մի շարք նպաստավոր պայմանների ձևավորման, հիմնավորվել է այն տեսակետը, որ նման գոտու ձևավորումն առավել մեծ նշանակություն կարո է ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում` վերջինիս թույլ տալով պահպանել տարածաշրջանային ստատուս – քվոն և զարգանալ ազատ գոտուն հատուկ տնտեսական անկլավին բնորոշ կարգավիճակով:  Զեկույցի քննարկման արդյունքում Թ.Մանասերյանի զեկույցի վերաբերյալ հնչել են նաև միջազգային մի շարք փորձագետների` Ջորջ Պույայի, Նորման Րայթի, Շաուա Յանգի և այլոց դրական արձագանքները:  Իր հերթին, Կոնգրեսի նախագահությունը նշված հեռանկարները համարել է իրատեսական` Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ արդյունավետ համագործակցության ծավալման առումով:

 

Հայ տնտեսագետը կոնգրեսում առիթ է ունեցել նախագահելու նաև մի սեկցիա` նվիրված զարգացող երկների վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը:

Գիտական կոնգրեսի առավել աչքի ընկնող զեկույցներն ամփոփվելու են գիտական առանձին ժողովածուի մեջ, ինչպես նաև Հայաստանում հրատարակվող ԱՅԼԸՆՏՐԱՆՔ գիտական հանդեսում:

Համաշխարհային կոնգրեսի աշխատանքներն ամփոփելիս ձեռք է բերվել համաձայնություն 2014 թվականի Գործարարության զարգացման ակադեմիայի տարեկան կոնգրեսն անցկացնել Երևանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *